Դիրքորոշում

Մեկ քրեական գործ՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ «փնջով»

26.03.2012

«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանն ավելի քան 2 տարի է կալանքի տակ են: Չկա նրանց մեղքն ապացուցող որևէ փաստ: Միակ հիմքը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես նա է պնդում, գրել է ծեծի և խոշտանգման հետևանքով:

Մարտի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պահանջելով Հովակիմյանի և Քերոբյանի խափանման միջոց կալանքը փոխել և Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն:

«Խախտումների այն փունջը, որ կա այս գործում, արտասովոր լինելով ընդհանրապես, արտասովոր չէ Հայաստանի համար: Եվ արդարադատության համակարգի այդ հիվանդությունների մասին խոսում են բոլորը, դրանք են՝ խոշտանգումներ, խոշտանգումների ոչ պատշաճ քննություն, կալանքի անհարկի կիրառում, դատաքննության ողջամիտ ժամկետների ձգձգում»,- նշեց բանախոսներից Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը:

ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ այն հիմքերը, որով տղաները կալանավորվել են 2 տարի առաջ, այսօր չեն գործում և նրանց խափանման միջոցը պետք է փոխվի. «Բոլոր ապացույցները մինչ օրս պիտի հավաքված լինեին: Թաքնվելու խնդիր չկա, որովհետև հարազատները պատրաստ են բավականին խոշոր չափի գրավ տրամադրել, մինչև անգամ գրավ թողնել իրենց միակ անշարժ գույքը՝ բնակարանը, ինչպես նաև կա 20-ից ավել մտավորականների դիմում-խնդրագիրը ուղղված դատարանին, որով նրանք երաշխավորում են Ստեփան Հովակիմյանի պատշաճ վարքագիծը»:

Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը թվարկեց այն բոլոր հակասությունները, որ կան գործում:

Գողությունը կատարվել է 2010թ. հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին: Մինչև փետրվարի 6-ը Ստեփան Հովակիմյանը 2 անգամ կանչվել է ոստիկանություն: Երրորդ անգամ նրան ոստիկանություն են տարել փետրվարի 6-ին, խոշտանգելու արդյունքում ինքնախոստովանական ցուցմունք կորզել, նոր հարուցել քրեական գործ:

Մինչ օրս չի հայտնաբերվել գողոնը՝ 5 միլիոն 80 հազար դրամը և 10 հազար ռուսական ռուբլին: Ավելին, գողոնի չափի հաշվարկում կան հակասություններ:

«Մոսկվա» կինոթատրոնի տեսախցիկները ֆիքսել են գողության կատարման տարբեր ժամեր՝ 03:15 և 00:12: «Իսկ քրեական գործում որպես գողության ժամ գրանցվել է 23:30-ը, քանի որ դա էր հարմար ժամը մեղադրանքը Հովակիմյանի և Քերոբյանի վրա բարդելու համար»,- կարծում է Տիգրան Սաֆարյանը:

Դեպքի վայրում՝ կինոթատրոնում, աշխատել են 4 տեսախցիկներ, սակայն քրեական գործի նյութերին կցված է 1,5 րոպեանոց մոնտաժված տեսանյութ, իսկ բնօրինակը չկա: «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունն ասում է, որ տեսանյութն ամբողջովին տրամադրել են ոստիկանությանը և իրենց մոտ չի պահպանվել: «Տեսագրության մեջ երևում է մի անձ, սակայն նա նման չէ ո՛չ Վահրամ Քերոբյանին, ո՛չ Ստեփան Հովակիմյանին, և դա ասում են նաև «Մոսկվա» կինոթատրոնի աշխատակիցները: Ընդամենը մի հոգի է ասում, որ նման է, որովհետև կոշիկները նույն գույնի են: Մինչ օրս չի բացահայտվել, թե ո՞վ է մոնտաժել տեսանյութը և ինչո՞ւ»,- տարակուսում է փաստաբանը:

Տիգրան Սաֆարյան և Արման Դանիելյան

Տիգրան Սաֆարյանը համոզված է, որ Հովակիմյանին և Քերոբյանին 2 տարուց ավելի կալանքի տակ պահելը կալանքի ողջամիտ ժամկետի խախտում է, և դատարանը կաշկանդված է լինելու վերջում արդարացման վճիռ կայացնելու հարցում, քանի որ պատասխան պետք է տա, թե ինչո՞ւ են անմեղ մարդիկ այդքան ժամանակ ապօրինաբար կալանքի տակ պահվել:

Հենց առաջին օրը, երբ Հովակիմյանը հնարավորություն է ստացել տեսակցելու իր փաստաբանին, ասել է, որ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է բռնությունների ազդեցության տակ: Խոշտանգումների հայտարարության վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել. «Ամենակարևորը, դատաբժշկական փորձաքննություն պետք է նշանակվեր, որը չի արվել: Իսկ դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ հատուկ նպատակ է եղել փորձաքննություն չնշանակելու համար»։

Արտակ Կիրակոսյանի կարծիքով՝ մենք ունենք «անընդունակ քննչական համակարգ», որը հույսը դնում է ինքնախոստովանական ցուցմունքների վրա: Ըստ նրա՝ մեր դատարանները չեն ձերբազատվել դատախազության կցորդը լինելու խորհրդային պրակտիկայից և ամեն կերպ փորձում են հիմնավորել իրենց գործընկերների առաջադրած մեղադրանքները: «Նմանատիպ գործերով պետք է հասարակության մոբիլիզացիա և ռեակցիա, դրա համար ենք մենք միջամտում այսպիսի գործերին: Եթե տարեկան 3-4 գործով հասնենք որոշակի արդյունքի, դա կարող է փոխել ամբողջ համակարգը»,- համոզված է Կիրակոսյանը:

Վերջում նշենք, որ Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու, խոշտանգման հայտարարության վերաբերյալ քրեական գործ չհարուցելու և դատաքննության ողջամիտ ժամկետները ձգձգելու վերաբերյալ առաջիկայում գանգատներ են ուղարկվելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ում իրենք կհաջողեն:

Իսկ մինչ այդ, մարտի 28-ին՝ ժ. 11.30–ին, Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Մխիթար Պապոյան) շարունակվելու է Ս.Հովակիմյանի և Վ. Քերոբյանի գործով դատաքննությունը։ Ամենայն հավանականությամբ այս նիստին քննվելու է փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am