Դիրքորոշում

ՔՀԻ–ն պահանջում է քննություն իրականացնել ոստիկանության ապօրինի միջամտության փաստի առթիվ

04.04.2012

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով պատժել իրավախախտ պաշտոնատար անձանց ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանի՝ արտահայտվելու և խաղաղ ցույց իրականացնելու ազատությունները սահմանափակելու ու նրան ապրօինի ազատությունից զրկելու համար.

2012 թ. մարտի 30–ին` ժամը 13։50–ին, քաղաքացի Երվանդ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության շենքի դիմացից բերման է ենթարկվել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք։ Նա իր բողոքն էր արտահայտում Հանրային հեռուստաընկերության գործունեության դեմ՝ պաստառը ձեռքին միայնակ կանգնելով հեռուստաընկերության շենքի առաջ։

Ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունքի հերթապահի փոխանցմամբ՝ անհայտ քաղաքացին ահազանգել է այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ «տարօրինակ վարքագծով» մարդ է կանգնած։ Ըստ ոստիկանության ՝ Երվանդ Կարապետյանի տարօրինակ վարքագիծը դրսևորվել է «պաստառը ձեռքին կանգնելով» և «ձեռքերի անկանոն շարժումներով»։

Ոստիկանության բաժանմունքից 15:15–ի սահմաններում Երվանդ Կարապետյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան։ Ոստիկանությունը գրավոր միջնորդել էր «բուժվելու նպատակով» Երվանդ Կարապետյանին ընդունել հոգեբուժարան։ Բժիշկների՝ երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ Երվանդ Կարապետյանի մոտ հոգեկան շեղման որևէ ախտանիշ չկա և նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Ժամը 18:00-ի սահմաններում Երվանդ Կարապետյանը հոգեբուժարանից ազատ է արձակվել:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն գտնում է, որ ոստիկանությունն ապօրինի զրկել է ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին ազատությունից, սահմանափակել է նրա արտահայտվելու, ինչպես նաև՝ խաղաղ ցույց իրականացնելու ազատությունները, առանց հիմնավորելու այդ սահմանափակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, մտահոգված լինելով ցուցարարին «հոգեկան խանգարում» ունենալու պատրվակով հոգեբուժարան տեղափոխելու փաստով, պահանջում է համապատասխան քննություն իրականացնել քաղաքացու ազատություններին ապօրինի միջամտելու փաստի առթիվ և պատժել իրավախախտ պաշտոնատար անձանց, ինչը հետագայում կբացառի նմանատիպ դեպքերի կրկնությունը: 

Աղբյուրը՝ www.hra.am