Դիրքորոշում

Անչափահասների քրեակատարողական հիմնարկում խնդիրները շատ են

29.11.2012

Լաուրա Գասպարյան

«Անչափահասների քրեակատարողական հիմնարկը ոչ թե պատժիչ, այլ՝ առաջին հերթին սոցիալական հիմնարկ պիտի լինի, որը պիտի իրականացնի վերականգնողական աշխատանքներ»,– նշում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգը չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը 2012 թ. մարտ-ապրիլ ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասների հետ տարվող սոցիալ–հոգեբանական աշխատանքների և կրթական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։ Նոյեմբերի 19-ին կայացավ ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։

Ծրագրի փորձագետ Լաուրա Գասպարյանը նախ ներկայացրեց ընդհանուր տվյալներ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մասին։

«Աբովյան» ՔԿՀ–ում հետազոտության պահի դրությամբ եղել է 32 անչափահաս, որից 16-ը կալանավորվածի, մյուս 16–ը՝ դատապարտյալի կարգավիճակում էին։ Անչափահասներից միայն մեկն է եղել աղջիկ, մյուս 31-ը եղել են տղաներ։

Հիմնարկը բաժանված է երեք տեղամասերի՝ կալանավորվածների պահելու վայր, որտեղ տարբեր խցերում պահվում են կալանավորված կանայք և անչափահասները, դատապարտյալ կանանց տեղամաս և դատապարտյալ տղա անչափահասների տեղամաս։ Անչափահաս աղջիկները պահվում են չափահաս կանանց հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամբողջ «Աբովյան» ՔԿՀ–ին սպասարկում են ընդամենը մեկ հոգեբան, մեկ սոցիալական աշխատող և մեկ իրավաբան։ Նրանց աշխատանքը խիստ ծանրաբեռնված է, իսկ աշխատանքային պայմանները՝ անբարենպաստ. սենյակները կահավորված չեն, չեն ջեռուցվում, չկան աշխատանքի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներ, աշխատավարձը ցածր է։

«Մենք առաջարկել ենք (նաև սոցիալ–հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատողներն են նշել), որ անհրաժեշտ է հաստիքների ավելացում»,– նշում է Լաուրա Գասպարյանը։

Աբովյան ՔԿՀ–ում գործում է կրթահամալիր, որն ունի հատուկ դպրոցի կարգավիճակ։ Դպրոցում աշխատում է 7 մանկավարժ, ուսուցիչներից երկուսը դասավանդում են երեքական առարկա և աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով։ Կրթահամալիրում դասարանները խմբավորված են։

«Ուսումնասիրության պահին գործում էր ընդամենը 2 դասարան՝ 7-9 և 9-12 դասարանների տարիքային խմբի համար։ Բայց որոշ երեխաների մոտ նույնիսկ տառաճանաչության խնդիր կար։ Մեր կարծիքով՝ անհատական մոտեցման և ուսուցման անհրաժեշտություն կա»,– ասում է ծրագրի փորձագետը։

Կրթահամալիրում խնդիրները շատ են՝ շենքը չի ջեռուցվում և ձմռանը շատ ցուրտ ու խոնավ է, սանհանգույցը ծայրահեղ վատ վիճակում է, չկա հոսող ջուր, դասասենյակներում նստարանները քիչ են և երկու հոգու համար նախատեսված սեղանին նստում են 3 հոգով, չկա բավարար գրականություն և գրենական պիտույքներ։

«Կրթության նախարարությունը պարտավորված է դպրոցն ապահովել գրքերով և գրենական պիտույքներով, բայց տարեկան ընդամենը 30.000 դրամ է հատկացվում դպրոցին»,– նշեց փորձագետը։ Իսկ «Աբովյան» ՔԿՀ ուսումնական մասի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն էլ հավելեց, որ այդ գումարը բյուջեով նախատեսված է ուսուցչական անձնակազմի տարեկան ծախսերը հոգալու համար և «ոչ մի լումա նախատեսված չէ դատապարտյալների կամ կալանավորվածների համար»։

Հիմնարկի աշխատակիցները հարցումների ժամանակ ասել են, որ իրենք այլ աղբյուրներից են փորձում օգնություն գտնել, սակայն, փորձագետի կարծիքով, դա զուտ բարի կամքի դրսևորում է, որը մի օր կարող է չլինել։ Դպրոցը պետք է պետության հոգածության տակ գտնվի։

Ի դեպ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը այս խնդրով հարցում է ուղարկել Կրթության և գիտության և Արդարադատության նախարարություններին, և երկու տեղից էլ պատասխան ստացել, որ դա իրենց իրավասության ներքո չէ։

Ուսումնասիրությամբ խնդիրներ են հայտնաբերվել մեկուսարանում պահվող անչափահասների կրթության կազմակերպման հետ կապված։ Պետությունը ուսուցիչներին չի վարձատրում մեկուսարանում դասեր պարապելու համար։ Կալանավորված անչափահասները չեն կարող այցելել դատապարտյալների տեղամասում գտնվող կրթահամալիր, փոխարենը ուսուցիչներն են այցելում մեկուսարան։ Նրանք չունեն սահմանված դասացուցակ. ուսուցիչները տեղում են իրար հետ համաձայնեցնում, թե ով պիտի գնա մեկուսարան։

Լաուրա Գասպարյանը նշեց, որ «Աբովյան» ՔԿՀ–ում նաև անչափահասների զբաղվածության ապահովման խնդիր կա.

«Դասերից բացի այլ զբաղվածություն չունեն երեխաները։ Ամառը ուղղակի դրսում են խաղում, իսկ ձմռանը զբաղմունք չունեն։ Մենք առաջարկություն ենք արել, որ գոնե դասապատրաստման խնդիր դրվի, որովհետև մինչև այժմ, այսպես կոչված,տնային առաջադրանքներ չեն եղել»։

Նաև հանգստի և ժամանցի ապահովման խնդիր կա, մանավանդ ձմռանը, երբ թե՛ դրսում, թե՛ ներսում ցուրտ է։

Ուսումնասիրության փորձագետը մտահոգություն է հայտնում նաև պատիժը կրելուց հետո երեխաների հետագա ճակատագրով։ Քրեակատարողական հիմնարկը միայն մեկ ամիս է հետաքրքրվում երեխայով։ «Չկա մի ծառայություն, որը զբաղվի երեխայի հետագա ճակատագրով, կենսագործունեությամբ, վերաինտեգրմամբ»,– ասում է Լաուրա Գասպարյանը։

«Աբովյան» ՔԿՀ սոցիալ–հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանը ընդունում է, որ խնդիրներն իրենց մոտ շատ են, բայց և նշում է, որ իրենց մասնագետները ջանք չեն խնայում հնարավոր ամեն ինչ անելու համար։

«Ամեն օր հոգեբանը, սոցաշխատողը այցելում են կանանց, անչափահասների և կալանավորվածների տեղամասեր, անհատական ընդունելություններ են կազմակերպում։ Բոլոր տոն օրերին փորձում ենք ինչ–որ միջոցառում կազմակերպել։ Մենք ունենք սպորտային, մշակութային, լուսավորչական և կրոնական միավորումներ, և երեխաներն իրենք են ծրագրեր ներկայացնում և իրականացնում»,– ասում է Միքայելյանը՝ նշելով, որ այդ բոլոր խնդիրները լուծելի են կապիտալ վերանորոգումից հետո, որն ակնկալում են մոտ ժամանակներս։

Ուսումնասիրությունը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից» Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության աջակցությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների հետ համագործակցությամբ։

Ուսումնասիրության հայերեն և անգլերեն տարբերակներն ամբողջությամբ։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am