Դիրքորոշում

Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են ՀՀ–ում արդարադատության իրականացմամբ

14.12.2012

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։ Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին։

FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն գնահատել են արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները և կարծում են, որ էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Ամփոփագրում նշված են հիմնականում վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ և վատ վերաբերմունք, քաղաքական բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ:

«Արդարադատության իրականացումը ՀՀ–ում» ամփոփագրում կազմակերպությունները իրավունքների խախտման կոնկրետ օրինակներով ցույց են տալիս առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ են անում։

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված հանցագործությունների անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ»,– նշում են FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել թե՛ ներպետական օրենսդրությունը և թե՛ պրակտիկան միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք դրսևորել` այս ոլորտում կատարվող բոլոր չարաշահումների համար պատժելու հարցում` վերջ դնելով իրավունքների ոտնահարման դեպքում անպատժելիությանը»,– ասված է ամփոփագրում։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համոզված են, որ անկախ դատական համակարգ ձևավորելու և օրենքի գերակայության ապահովմանն ուղղված քայլերն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման առումով։

Ամփոփագրի հայերեն և անգլերեն տարբերակները։

Աղբյուրը՝ www.hra.am