Դիրքորոշում

Ա.Կիրակոսյանը ամփոփեց անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները

26.12.2012

Դեկտեմբերի 26-ին «Նոյան տապան» մամուլի ակումբում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ամփոփեց մարդու իրավունքների վիճակը անցնող տարում։

Նա անդրադարձավ նաև նախկին խորհրդային պետություններում տիրող իրավիճակին՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի հետ։ «Ետխորհրդային տարածաշրջանում երեք երկիր կան, որ դեռևս հնարավորություն ունեն ժողովրդավարական ճանապարհով զարգանալու, դրանք են՝ Մոլդովան, Հայաստանը և Վրաստանը։ Մյուս երկրներում այնքան վատ է վիճակը, որ եթե ռեֆորմների մի փուլ սկսվի, կարող է հանգեցնել սիրիական իրավիճակին»,– նշեց Արտակ Կիրակոսյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում քաղաքացիական ակտիվություն կա տարբեր ոլորտներում և, ի տարբերություն ետխորհրդային որոշ երկրների, Հայաստանում քաղաքացիական հասարակությունը գործելու հնարավորություն ունի։ Մյուս կողմից էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն է օգնում կազմակերպվել և արագ արձագանքել ինչ–որ իրադարձությունների։

Անցնող տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության ամենակարևոր նվաճումը Կիրակոսյանը համարում է Մաշտոցի պուրակի պայքարում տարած հաղթանակը և կարծում է, որ պետական կամ քաղաքական գործիչը, քաղաքացիական հասարակության կարծիքը լսելով և նրա հետ հաշվի նստելով, ոչ թե թուլանում է, այլ՝ հակառակը։ «Հետադարձ կապը հասարակության հետ ճանապարհ է, որը մենք այսօր հնարավորություն ունենք զարգացնելու և առաջ գնալու»,– նշեց նա։

Ըստ բանախոսի՝ 2012թ. մյուս կարևոր իրադարձությունը «Ա1+» հեռուստաընկերության վերադարձն էր եթեր։ «Դա չենք կարող համարել հաղթանակ, որովհետև խախտված իրավունքները այդպես էլ չվերականգնվեցին, բայց ուրախալի է, որ գոնե ինչ–որ ձևով մենք եթերում կարող ենք տեսնել «Ա1+»–ը»,– ասում է Արտակ Կիրակոսյանը։

Մարդու իրավունքների ոլորտում նույնպես ունեցանք փոքր հաղթանակ՝ «Մատաղիսի» գործով երեք մեղադրյալների վերաբերյալ կայացված արդարացման որոշումն էր, որի մեջ, ըստ բանախոսի, իր ներդրումն ունեցավ քաղաքացիական հասարակության մոբիլիզացիան։ Կիրակոսյանը հավելեց, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եկող տարում պատրաստվում է մեծ արշավ սկսել ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացահայտելու, հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու համար։

«Այսօր չնայած ոստիկանապետը խոսում է խնդրի մասին, որը ողջունելի է, բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ բացի սպառնալիքներից, որը ոստիկանապետն ուղղում է ոստիկաններին, որ այդ ձևով գործերը չբացահայտեն, անհրաժեշտ այլ քայլեր չեն արվում, մեխանիզմներ չեն առաջարկվում։ Մյուս կողմից էլ չկա դատավորների պատասխանատվության խնդիրը. ամբաստանյալը դատարանում հայտարարում է, որ իրենից ցուցմունք են կորզել՝ ծեծելով, սպառնալով, սակայն դատավորը հանգիստ շարունակում է նիստը»,– նկատում է ՔՀԻ խորհրդի նախագահը։

Խոսելով կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին՝ Կիրակոսյանը նշեց, որ մասնագիտական վերլուծություններից և առաջարկություններից բացի փորձելու են նաև արձագանքել իրավիճակներին, մոբիլիզացնել քաղաքացիական հասարակությանը և մարդու իրավունքների պաշտպանության արշավներ կազմակերպել առանձին գործերով։

ՔՀԻ–ն տարիներ շարունակ գործարկում է իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ գիծը, որը շարունակելու է գործել նաև 2013-ին։

Անցած խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով՝ Արտակ Կիրակոսյանը նշեց, որ համամիտ չէ այն տեսակետին, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն վերահսկում էին ընտրությունները։ «ՀԱԿ–ն ընտրել էր մի ռազմավարություն, որ եթե ինչ–ոչ խախտումներ ԲՀԿ–ն էր անում, ՀԱԿ–ականները չէին քննադատում, աչք էին փակում։ Եվ ասել, որ դա ընտրությունների վերահսկողություն էր, այդքան էլ այդպես չէ։ Դա պարզապես ՀՀԿ–ի դեմ ուղղված ինչ–որ բան էր»,– այս կարծիքին է նա։

Չնայած եկող նախագահական ընտրություններին այս կուսակցությունները չեն համախմբվի ընտրախախտումների դեմ պայքարելու նպատակով, սակայն Կիրակոսյանի կարծիքով, քաղաքացիական վերահսկողությունը կշարունակի լինել և վերահսկողության իմաստով էական տարբերություն չենք զգա։

«Մենք շարունակում են ետին պլանում թողել գաղափարական պայքարը և շարունակում առաջ տանել «փրկչի» գաղափարը՝ ով մեզ կփրկի այս անգամ։ Բայց առաջնորդների այս վակուումային վիճակը, մյուս կողմից, գուցե բերի նրան, որ մարդիկ ավելի շատ փորձեն գաղափարապես կողմնորոշվել, ծրագրերի հիման վրա որոշել, թե ում ընտրեն»,– ասում է Արտակ Կիրակոսյանը։ 

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am