Դիրքորոշում

Ուսումնասիրությունն անչափահասների իրավունքների ոստնահարման դեպքեր է բացահայտել

13.03.2013

Photo by hra.am

Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը։ Այն պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) ու Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության ֆինանսավորմամբ։

«Խոշտանգումը շատ ավելի ծանր հանցագործություն է, քան այն հանցագործությունը, որի բացահայտման համար կիրառվում է խոշտանգում»,– բացման խոսքում նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:

UNICEF–ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը իր ելույթում կարևորեց Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգի և օրենսդրության համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին։

«Սակայն միայն քաղաքականության և օրենսդրության բարելավումը բավարար չէ դաժան վերաբերմունքից երեխաներին պաշտպանելու առումով։  Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին օժանդակելու նպատակով արդյունավետ մեխանիզմ, որին ներգրավված կլինեն ոստիկանության, արդարադատության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ սոցիալական աշխատողներ և հոգեբաններ»,– նշեց Արենսը։

Նրա խոսքերով՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի անկախ քննությունը և բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը շատ կարևոր են երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ուսումնասիրությունը բացահայտել է նախաքննության և դատաքննության փուլերում, ինչպես նաև՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։

Հարցազրույցներ են անցկացվել օրենքի հետ խնդիր ունեցող 86 անչափահասների հետ, որոնց մոտ 21 տոկոսը չի տեղեկացվել իրեն ձերբակալելու պատճառների մասին, 31 տոկոսը չի իրազեկվել իր իրավունքների մասին, իսկ 60 տոկոսը ոստիկանությունում հարցաքննվել է առանց փաստաբանի ներկայության։ Նրանց 32 տոկոսը կարծում է, որ իր նկատմամբ կայացված դատավճիռն արդար չէ։

Հարցված անչափահասներից ութը նշել է, որ ոստիկանությունում ենթարկվել են ֆիզիկական բռնության։

ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության հայերեն և անգլերեն տարբերակները։

Աղբյուրը՝ www.hra.am