Դիրքորոշում

Խոշտանգումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին

14.03.2013

Տաթևիկ Ղարիբյան, Photo by hra.am

Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ փորձագետ, ուսումնասիրության համահեղինակ Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց խոշտանգումների վերաբերյալ օրենսդրական խնդիրները։

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», իսկ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է, որ խոշտանգումը ցանկացած այնպիսի գործողություն է, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել Քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ (դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը): Խոշտանգումը համարվում է միջին ծանրության հանցանք և պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ, իսկ ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում՝ 3-ից մինչև 7 տարի։

Տաթևիկ Ղարիբյանի խոսքերով՝ Քրեական օրենսգրքում «խոշտանգում» տերմինի ձևակերպումը չի համապատասխանում խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։

«119-րդ հոդվածը չի ներառում դիտավորությամբ առողջությանը պատճառված միջին ծանրության կամ ծանր վնասը, չի ներառում որոշակի նպատակի և որոշակի սուբյեկտի տարրերը, կիրառվում է երկու քաղաքացիների միջև առկա հորիզոնական հարաբերությունների համատեքստում` առանց պետության ներկայացուցիչների որևէ մասնակցության։ Բացի այդ, մտահոգիչ է նաև, որ մեր օրենսգրքով գործում է տուժողի բողոքի հիման վրա քրեական գործ հարուցելու կարգը, քրեական գործը ենթակա է կարճման` կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու դեպքում»,– ըստ փորձագետի՝ սրանք են ՄԱԿ–ի կոնվենցիայի և մեր օրենսդրության հիմնական անհամապատասխանությունները։

Տաթևիկ Ղարիբյանը նաև ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն՝ 2010–2011թթ. ընթացքում անչափահասի նկատմամբ խոշտանգման և կամ դաժան վերաբերմունքի համար 119-րդ հոդվածի հիման վրա որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել։ 2011 թվականին խոշտանգման հոդվածով կայացված մեղադրական 3 դատավճիռները եղել են չափահաս անձանց վերաբերյալ, որից երկուսի դեպքում կիրառվել է համաներում։

Քրեական օրենսգրքի 341-րդ հոդված, 2-րդ մասը սահմանում է, որ «դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ ՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:

Փորձագետի դիտարկմամբ՝ հոդվածը չի ներառում քննիչի կամ ոստիկանի կողմից պատճառված սուր ցավը կամ տառապանքը, որի նպատակն է դատաիրավական կարգավիճակ չունեցող անձից ցուցմունք կորզելը, բացատրություն կամ տեղեկատվություն ստանալը, ինչը օրենսդրական բաց է։ Այս հոդվածով ևս 2010-2012 թվականներին, ըստ պաշտոնական վիճակագրության, որևէ դատավճիռ չի կայացվել։  

Նույն ժամանակահատվածում անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքի կամ խոշտանգման փաստի վերաբերյալ մեղադրական դատավճիռներ չեն կայացվել նաև Քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Տաթևիկ Ղարիբյանի խոսքերով՝ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի օրենսդրությունը պարունակում է որոշ դրույթներ, որոնք համահունչ չեն միջազգային չափանիշներին։ Մասնավորապես` կալանավորված անչափահասին 5 օրով կամ անչափահաս դատապարտյալին 10 օրով պատժախցում պահելու իրավական նորմը չի համապատասխանում Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կանոններին, որոնց համաձայն՝ անչափահասին կարգապահական տույժի կարգով մենախցում կամ պատժախցում պահելը համարվում է դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ձև (67-րդ կանոն):

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունք առավել հաճախ դրսևորվում է ոստիկանության բաժանմունքներում՝ արգելանքի վերցնելիս և հարցաքննության ժամանակ՝ ցուցմունք, խոստովանություն կորզելու նպատակով։ Դաժան վերաբերմունքի ամենահաճախ հանդիպող դրսևորումը ծեծն է։ Փորձագետի խոսքերով՝ շատ ավելի դժվար է բացահայտել նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը (հայհոյանք, բղավոց, հոգեբանական ճնշում, սպառնալիքներ, ահաբեկում և ստորացում):

«Ուսումնասիրության շրջանակում կատարված հարցումները ցույց են տվել, որ խոշտանգումների կիրառման մեջ կա որոշակի օրինաչափություն. ագրեսիվ վարք դրսևորող և ըմբոստ անչափահասների նկատմամբ ավելի շատ կիրառվում է ֆիզիկական բռնություն, իսկ ավելի հանգիստ և խեղճ երեխաների նկատմամբ՝ հոգեբանական ճնշում, ահաբեկում»,– ասում է Տաթևիկ Ղարիբյանը։

Նրա խոսքերով՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման երաշխիքներից է փաստաբանի պարտադիր ներգրավումը, անչափահասի հարցաքննություններին օրինական ներկայացուցչի մասնակցությունը։

«Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ բացատրություններ վերցնելու համար անչափահասը առանց որևէ կարգավիճակի հրավիրվում է ոստիկանություն։ Սա այն դեպքում, երբ փաստաբանի ներգրավումն անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի հարցաքննությանը պարտադիր է՝ փաստաբանի բացակայությամբ տրված ցուցմունքը չի կարող ապացույց համարվել: Հարցված անչափահասների 60% խոսել է ոստիկանության աշխատակցի հետ առանց փաստաբանի»,– նշեց իրավաբանը:

Նրա դիտարկմամբ՝ պատշաճ քննության չեն ենթարկվում նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հաղորդումները. «Խոշտանգումների վերաբերյալ բողոքների մեծ մասի հավաստիությունը ստուգում են ոստիկանության քննիչները և, մեծամասամբ, բողոքները համարվում են ոչ արժանահավատ: Դատաբժշկական փորձաքննություն կարող է նշանակվել միայն քննիչի, դատախազի որոշման հիման վրա, լինում են դեպքեր, երբ բավականին ուշ են դիմում, ինչի պատճառով հնարավոր չի լինում բացահայտել խոշտանգման փաստը, քանի որ բռնության հետքերը վերացած են լինում»։

Զեկույցի հեղինակներն առաջարկում են, որպեսզի խոշտանգումներից տուժած անձը և նրա փաստաբանը նույնպես իրավունք ունենան դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար անմիջականորեն դիմել մասնագետին:

ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության հայերեն և անգլերեն տարբերակները։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am