Դիրքորոշում

ՔՀԻ–ի նախնական եզրակացությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

07.05.2013

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ - 2013» իրավական նախաձեռնությունը, մայիսի 7-ին տարածել է իր պաշտոնական նախնական եզրակացությունը ս.թ. մայիսի 5-ին անցկացված՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում։ Տեղամասերում և տեղամասերից դուրս մարդկանց խմբեր և առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։ Ճնշողների մի մասը ներկայանում էին որպես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վստահված անձինք, ինչպես նաև՝ տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ։

Խոչընդոտներ են եղել լրագրողների և դիտորդների կողմից լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու համար՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի՝ վախի մթնոլորտի պատճառով։ Ձայների հաշվարկը սկսվել է նյարդային և լարված մթնոլորտում, և իրավիճակը հարթվել է միայն այն պահից հետո, երբ տվյալները ցույց են տվել, որ ՀՀԿ–ն հաղթում է։

Ընտրությունների արդյունքների մասին վերջնական եզրակացություններ կարվեն գործընթացի մասնակիցների կողմից բողոքների ներկայացման և դրանց հետագա ընթացքն ու կայացված որոշումներն ուսումնասիրելուց հետո»։

Հիշեցնենք, որ «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում ՔՀԻ–ն իրականացրել է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով։ ՔՀԻ դիտորդների կողմից արձանագրված խախտումների և 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի մասին տեղեկատվությունը՝ այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am