Դիրքորոշում

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները` լրագրողների ուշադրության կենտրոնում

22.05.2013

Տարբեր լրատվամիջոցների 25 լրագրողներ մայիսի 18-19-ը Աղվերանում կազմակերված սեմինարի ժամանակ ծանոթացան անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկություններին: Սեմինարը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը:

Լուսանկարները՝ www.hra.am –ի

Օրենսդրական բացերը` երեխաների իրավունքների խախտման պատճառ

ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, խոսելով օրենսդրական բացերի մասին, ասում է, որ Հայաստանում չկան անչափահասների հարցերով մասնագիտացած դատարաններ: 2012-ին ոլորտում առաջընթաց եղավ` այդուհետ անչափահասների գործերը միշտ նույն դատավորներն են քննում, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան. պետք են նաև մասնագիտացած քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

Ղարիբյանն ասում է, որ անչափահասների նկատմամբ կալանք կարող է կիրառվել միան միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ներկայում կալանքը լայնորեն կիրառվում է` հաշվի առնելով միայն հանցանքի ծանրությունը և անտեսելով մնացած հանգամանքները: Որպես պատիժ` լայնորեն կիրառվում է նաև ազատազրկումը, չնայած քրեական օրենսգիրը նաև այլ պատիժներ է նախատեսում: Ըստ փաստաբանի` դրա պատճառներից մեկն էլ ուսումնա-դաստիարակչական հիմնարկների բացակայությունն է, որտեղ, ըստ օրենքի, դատավորը կարող է ուղղորդել օրենքը խախտած անչափահասին: Ուստի դատավորները հաճախ դիմում են կա՛մ ազատազրկման, կա՛մ էլ երեխային հանձնում են ծնողի հսկողությանը, ինչը միշտ չէ, որ արդյունավետ է:

Մասնագիտացված դատարան չունենալու բացասական կողմերից է և այն, որ դատավարության ընթացքում և դատավճիռը հրապարակելիս կիրառում են իրավաբանական տերմիններ` առանց դրանք բացատրելու, հաշվի չառնելով անչափահասի տարիքային առանձնահատկությունները:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության համակարգող Հայկ Խեմչյանն էլ պարզաբանում է, որ անչափահասների գործերով արդարադատությունը վերաբերում է ոչ միայն իրավախախտում կատարած, այլև հանցագործությունից տուժած և վկա երեխաներին:

Խեմչյանի խոսքով` ներկայում խախտվում են կալանավորված անչափահասների իրավունքները, քանի որ վերջիններս, ըստ օրենքի, օրական 22 ժամ փակի տակ են` խցանման կառույցներում: Դատապարտվելուց հետո արդեն պահվում են հանրակացարանային տիպի շինություններում, որտեղ ավելի թեթև պայմաններ են: Նրա խոսքով` կալանավայրի պայմանները հակասում են միջազգային օրենսդրությանը:

ՔՀԻ ՀԿ նախագահ Արման Դանիելյանն էլ ասում է, որ անչափահասների արդարադատության հիմնական սկզբունքն արարքի պատճառը և երեխայի կարիքները բացահայտելն է: Սակայն մեզ մոտ դա թերի է կատարվում, քանի որ չկան սոցիալական աշխատողներ: Ոստիկանին վերապահվում է սոցիալական աշխատողի դեր, քննիչին` հոգեբանի, մինչդեռ վերջիններս մասնագետներ չեն:

Երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պարտադրված են և ոչ արդյունավետ

ՀՕՖ ԵԱԿՀ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում ինքնաբուխ ռեֆորմներ չեն լինում, դրանք կատարվում են արտաքին ճնշումների ներքո: Եվ քանի որ դրանք ներքևից բխող զարգացումներ չեն, բարեփոխումները կատարվում են ապրիորի: Որպես օրինակ նշում է մանկատները և գիշերօթիկները բեռնաթափելու ծրագիրը: Ծրագրի արդյունքում 19 գիշերօթիկ դպրոցներից 9-ը վերածվեցին հանրակրթական դպրոցների, սակայն փոխարենը ստեղծվեցին խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (սոցիալական տներ), որոնք նման մոդելով, ըստ Անտոնյանի, գործում են միայն Հայաստանում:

«Մենք ունենք 45 տոկոս մանկական աղքատություն երկրում, աղքատության սովորական ցուցանիշից գրեթե կրկնակի ավելի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ մանկական աղքատություն նշանակում է ոչ միայն ֆինանսների սղություն կամ բացակայություն, այլև ծառայությունների անմատչելիություն և տաղանդը, ունակությունները զարգացնելու հնարավորության բացակայություն:

Մանկական աղքատությունը կրճատելու նպատակով Անտոնյանն առաջարկում է Ուկրաինայի օրինակով սահմանել համընդհանուր կանխարգելման նպաստ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի, անկախ ընտանիքի սոցիալական կարգավիճակից, ամեն ամիս որոշակի չափով նպաստ կհատկացվի:

Անտոնյանն անարդյունավետ է համարում պետության վարած ներկայիս սոցիալական քաղաքականությունը, այն է` օգնել աղքատների մեջ ամենաաղքատին: Ասում է, որ այս հարցում սովորելու բան ունենք Վրաստանից, որն ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցնելուց հետո երկրում աղքատությունը կրճատեց 27 տոկոսով, իսկ այժմ մանկատներում ընդամենը 360 երեխա ունեն:

Ըստ այդ մոդելի` պետությունը պետք է գնահատի բոլոր ընտանիքների սոցիալական վիճակը և թիրախավորի` ծայրահեղ աղքատներին օգնելը թողնելով բարեգործական հիմնադրամներին, աղքատներին օգնելը` ՀԿ-ներին կամ այլ կառույցի, իսկ սակավ աղքատներին ինքը օգնի. «Աղքատներին ուղղված ներդրումներն արդյունավետ են, քանի որ օգնում են մարդկանց հաղթահարել աղքատության շեմը»:

Անտոնյանը նաև թվային տվյալներով է փաստում պետական անարդյունավետ քաղաքականությունը. այսպես, մանկատան մեկ երեխայի տարեկան խնամքն արժի 12 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում` 7800 դոլար, գիշերօթիկ կրթական հաստատություններում` 6500 դոլար, խնամատար ընտանիքներում` 3500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ: Ասում է, որ աբսուրդ է իրավիճակը, երբ պետությունը, օրինակ` հրաժարվում է օգնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը ստանձնելու պատրաստ տատիկ-պապիկին, բայց պատրաստ է տարեկան 12 հազար դոլար վճարել, եթե երեխային նույն տատիկ-պապիկն էլ այլևս չպահեն ու մանկատուն ուղարկեն:

Խնամատար ընտանիքների ինստիտուտը ևս չի զարգանում, չնայած այն պետությանը եռակի էժան կարժենար:

Սեմինարի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց անչափահասների գործերի լուսաբանման տերմինաբանությանը, էթիկական առանձնահատկություններին:

Հեղինակը՝ Հայկուհի Բարսեղյան

Աղբյուրը՝ www.hra.am