Դիրքորոշում

Ընդունվեց բանաձև հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ

05.06.2013

Հունիսի 5-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս և քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 38-րդ համագումարի արդյունքների ներկայացմանը։

Ս.թ. մայիսի 23-ից 27-ը Ստամբուլում անցկացվել է FIDH–ի 38-րդ համագումարը՝ հաջորդելով 2010թ.–ին Երևանում տեղի ունեցած 37-րդ համագումարին։ Միջոցառմանը մասնակցել էին իրավապաշտպան կազմակերպություններ շուրջ 100 երկրներից, այդ թվում FIDH–ի հայաստանյան անդամ–կազմակերպություն հանդիսացող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ հանձինս խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի։

Համագումարը և դրան նախորդող ֆորումը մեծ հնչեղություն են ունեցել Թուրքիայում։ Միջոցառումներին մասնակցել են Միջազգային քրեական դատարանի նախագահ Սանգ-Հյուն Սոնգը, FIDH–ի նախագահ Սուեր Բելասենը, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Եվրոպական միության Մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը, իսկ համագումարի փակմանն իր ելույթն է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։

FIDH–ի 38-րդ համագումարի աշխատանքի ակներև արդյունքներից էր մայիսի 30-ին ընդունված հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանաձևը, որով FIDH–ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմաների, ու անհապաղ քայլեր ձեռնարկել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ։

Հատկանշական է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ այս բանաձևի նախաձեռնողներն էին երկու թուրք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների ասոցիացիան և Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամը։ Համագումարի անցկացման օրերին կազմակերպվեց նաև միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ FIDH–ի անդամները և թուրք իրավապաշտպանները՝ ձեռքերում կրելով սպանված հայ մտավորականների նկարները, ծաղիկներ գցեցին Բոսֆորի նեղուցի ջրերը։

«Հայ–թուրքական հարաբերությունների խնդիրների բարձրաձայնման համատեքստում խորհրդանշական էր, որ Երևանում անցկացրած 37-րդ FIDH–ի համագումարին հաջորդեց մյուսը՝ Ստաբուլում։ Եվ մեզ համար անչափ կարևոր էր հասնել այս բանաձևի ընդունմանը, որը վերահաստատեց ու էլ ավելի հստակեցրեց այն ձևակերպումները, որոնցով հանդես էինք եկել երեք տարի առաջ»,– լրագրողների հետ զրույցում նշեց ՔՀԻ խորհրդի նախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը։

Ստորև ներկայացնում ենք ընդունված բանաձևն ամբողջությամբ։

Սույն բանաձևը վավերացվել է 2013թ. մայիսի 30–ին

FIDH-ի38-րդ համագումար

2013թ. մայիսի 23-27

Ստամբուլ, Թուրքիա

Հայաստանից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Թուրքիայից՝ Մարդու իրավունքների ասոցիացիայի և Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամի նախաձեռնությամբ

Սույն բանաձը հաջորդում է 2010թ. ապրիլին Երևանում կայացած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ 37-րդ համագումարի շրջանակներում վավերացված բանաձևին։ Այն ընդունվել է Երևանում սկիզբ առած հայ և թուրք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերի արդյունքում։

Հիմք ընդունելով հստակ պատմական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչպես նաև ողջունելով այն առաջընթացը, որը գրանցվել է Թուրքիայում՝ այս հարցի շուրջ բաց և ազատ բանավեճ ծավալելու ուղղությամբ,

Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, գիտնականների, մտավորականների և լրագրողների կողմից արվող ճշմարտության և արդարության հաստատման բազմաթիվ կոչերը՝

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2013թ. մայիսի 23–ից 27-ը կազմակերպված Մարդուիրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 38-րդ համագումարը Հայոց ցեղասպանության և զոհերի հիշատակի 100-ամյակին ընդառաջ կոչ է անումԹուրքիայի Հանրապետության կառավարությունը.

  • ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը կազմակերպվել և իրականացվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության ներքո՝ երիտթուրքերի կառավարության կողմից,
  • վերջ տալ Հայաստանի Հանրապետության շրջափակմանը՝ առանց որևէ նախապայմանների, և անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ։

Բանաձևի անգլերեն տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից։

Աղբյուրը՝ www.hra.am