Դիրքորոշում

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը Հայաստանում

25.06.2013

Երևան, ՀՀ – Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, որի կապակցությամբ ս.թ. հունիսի 26-ին և 27-ին մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան Երևանում կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև.
10.30-ին` ՀՀ Ոստիկանության շենքի առջև (Երևան, Նալբանդյան 130), 

11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև (Տիգրան Մեծի 23/1),

12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև (Վազգեն Սարգսյան 5): 

Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Վերոնշյալ կառույցների ղեկավարներին կփոխանցվեն առաջարկություններ`ուղղված խոշտանգումների կանխարգելմանը:

Նույն օրը` հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցներիհատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը: Միջոցառման հղումը ֆեյսբուքում`այստեղ:

Հունիսի 27-ին, ժամը 14։00-ից 17։00-ը, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք - 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Համաժողովին կքննարկվի խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, կներկայացվեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունները և քայլերը, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգման ոլորտում պետական և հասարակական կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցության ձևերը: Համաժողովին հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ–ներ:

Միջոցառումների կազմակերպումը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվում է Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորած «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումների կազմակերպումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից իրականացվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամի և Խոշտանգումների Զոհերի Միջազգային Վերականգնողական Խորհուրդի համաֆինանսավորած «Հայկական վերականգնողական և զարգացման կենտրոն խոշտանգումների զոհերի համար» ծրագրի շրջանակներում:


Աղբյուրը՝ www.hra.am