Դիրքորոշում

ՆՀԿ–ն փորձում է ստեղծել վստահության դաշինք Հարավային Կովկասում հակամարտող ժողովուրդների միջև

27.02.2014

«Տարածաշրջանում տարիներ շարունակ մարդիկ կոնֆլիկտների հաղթահարման մասին խոսելիս այլ բան են պատկերացրել։ Մենք չենք փորձում և չենք կարող տարածաշրջանային կոնֆլիկտները լուծել, բայց հավատում ենք, որ կարող ենք ներդրում ունենալ տարածաշրջանում ժողովուրդների միջև ավելի լավ հարաբերությունների հաստատման մեջ, և դրա հիմքը կարող է լինել վստահությունը», – ասում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Էնվեր Ջուլիմանը։

Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (ՆՀԿ) գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը, Մարդու իրավունքների ուսուցման բաժնի ղեկավար Էնվեր Ջուլիմանը և «Վստահության վերականգնման դաշինք» ծրագրի տարածաշրջանային համակարգող Մարիոն Կիպիանին փետրվարի 18-21-ը այցելեցին Վրաստան և Հայաստան:

Այցի նպատակն էր հանդիպել տեղի գործընկեր կազմակերպությունների, այլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, Հարավային Կովկասում ՆՀԿ-ի ծրագրերն ու ապագա անելիքները, մասնավորապես՝ «Վստահության վերականգնման դաշինք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

2012թ. վերջին մեկնարկած՝ «Վստահության վերականգնման դաշինք» եռամյա ծրագրի շրջանակներում ՆՀԿ աշխատում է Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընկեր կազմակերպությունների հետ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ներառյալ՝ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Լեռնային Ղարաբաղը: Ծրագրում ներգրավված են ավելի քան 200 ուսանողներ, ակտիվիստներ և լրագրողներ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանից, որոնց միավորել է կոնֆլիկտների հաղթահարման և վստահության վերականգնման նոր հեռանկարներ փնտրելու ցանկությունը։

Հայաստանում ՆՀԿ–ն ծրագիրն իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի և Կովկասի ինստիտուտ հետ համագործակցությամբ՝ Նորվեգիայի Արտաքին Գործերի Նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ։

«Հայաստան և Վրաստան գալու իմ գլխավոր նպատակն է ավելի շատ տեղեկանալ «Վստահության վերականգնման դաշինք» ծրագրի ընթացքի մասին։ Եվ երկրորդ հերթին, իհարկե, սա լավ հնարավորություն է ինձ համար իրազեկվելու տարածաշրջանի ընթացիկ մարտահրավերների և քաղաքական իրադրության մասին»,– ասում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը։

Ծրագիրը ներառում է հակամարտող հասարակություններում մարդու իրավունքների, կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, վստահության և համաձայնության կառուցման կարևոր հարցերում կարողությունների զարգացում, շահերի պաշտպանություն, հասարակական մասնակցության խթանում և ցանցի ստեղծում:

Հայաստանում ՔՀԻ և Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվել են դասընթացների շարք մարդու հիմնարար իրավունքների, կոնֆլիկտների հաղթահարման և վերականգնողական արդարադատության թեմաներով։

«Տարածաշրջանում տարիներ շարունակ մարդիկ կոնֆլիկտների հաղթահարման մասին խոսելիս այլ բան են պատկերացրել. տարանջատել են կողմերի շահերը, հետաքրքրությունները, տուժողների իրավունքները։ Մենք չենք աշխատում կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել վստահության դաշինք, որը կաշխատի մարդկանց, խմբերի, հասարակությունների և պետությունների միջև վստահության վերականգնման ուղղությամբ, այնուհետև՝ հարաբերությունների ստեղծման»,– www.hra.am-ի հետ զրույցում նշեց ՆՀԿ Մարդու իրավունքների ուսուցման բաժնի ղեկավար Էնվեր Ջուլիմանը։

Նա համոզված է, որ ծրագիրը չի կարող տարածաշրջանային կոնֆլիկտները լուծել, հատկապես կոնֆլիկտի քաղաքական կողմը, բայց նա հավատում է, որ իրենք կարող են ներդրում ունենալ տարածաշրջանում ժողովուրդների միջև ավելի լավ հարաբերությունների հաստատման մեջ, և դրա հիմքը կարող է լինել վստահությունը։

Ջուլիմանի խոսքերով՝ երեք տարիների ընթացքում ձևավորված Դաշինքը մշակելու է իր ռազմավարությունը և առաջարկությունները վստահության վերականգնման ուղղությամբ։

Դրան հասնելու կարևոր քայլերից մեկը նախևառաջ, ըստ նրա, բոլոր կողմերի համար տերմինների հստակեցումն է, ինչ ասել է «արդարություն», «վերականգնողական արդարադատություն» և այլն, ինչպես սահմանել և տարբերակել այդ տերմինները, ինչպես աշխատել վստահության վերականգնման համար, ինչպես վարվել հիշողության հետ, որից հետո՝ հասարակական երկխոսության շնորհիվ փորձել հասնել գաղափարների դրական ընկալմանը հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների կողմից։

Ծրագրի տարածաշրջանային համակարգող Մարիոն Կիպիանին ընդգծում է, որ ծրագրում ներառված են ոչ միայն հասարակության ակտիվ խմբերը, այլև այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբևէ չեն մասնակցել հակամարտությունների հաղթահարման և երկխոսությանն ուղղված ծրագրերում։ 

«Օրինակ, ներգրավել ենք կանանց, ովքեր հակամարտության արդյունքում կորցրել են իրենց ամուսիններին, ուսուցիչների և այլն։ Իհարկե, մի կողմից որոշակի մարտահրավեր կա, որովհետև ավելի դժվար է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր երբևէ չեն մասնակցել նմանատիպ ծրագրերի և թրեյնինգների։ Բայց մյուս կողմից դա ավելի օգտակար է, որովհետև այս կերպ մենք կարող ենք կապ ստեղծել հասարակության այն անդամների միջև, ովքեր նախկինում ներգրավված չեն եղել երկխոսության գործընթացներում»,– ասում է նա։

Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն հիմնվել է 1977թ-ին: Վերջին մի քանի տարիներին ՆՀԿ-ն աշխատել է Հարավային Կովկասի իր գործընկեր կազմակերպությունների հետ՝ մարդու իրավունքների մշտադիտարկոււմների, շահերի պաշտպանության և մարդու իրավունքների կրթության ոլորտում:

Աղբյուրը՝ www.hra.am