Դիրքորոշում

ՔՀԻ–ն կազմակերպեց անցումային արդարադատության վերաբերյալ դասընթացների շարք

15.03.2014

«Վստահության վերականգնման դաշինք Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում փետրվար–մարտ ամիսներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպեց անցումային արդարադատության վերաբերյալ դասընթացների հերթական շարքը։

Եռօրյա երեք դասընթացները կայացան ՔՀԻ–ում՝ ծրագրի շահառու երեք խմբերի մասնակցությամբ (ակտիվիստներ, լրագրողներ և ուսանողներ)։

Դասընթացների առաջին օրը ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը քննարկում ծավալեց արդարության գաղափարի վերաբերյալ։ Առաջ քաշվեց այն տեսակետը, որ արդարությունը սոցիալական համաձայնության արտացոլում է։ Այնուհետև խաղի միջոցով մասնակիցները փորձեցին վերծանել արդարություն հասկացությունը՝ նույնացման (ասոցացման) մեթոդով։ Ընդմիջումից հետո Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ներկայացրեց «գունավոր հեղափոխությունների» պատմությունը, այնուհետև մասնակիցների հետ ինտերակտիվ քննարկումների միջոցով անդրադարձավ Ուկրաինայում կատարվող իրադարձություններին և վերլուծեց դրանց պատճառները։

Երկրորդ օրը Արտակ կիրակոսյանը ներկայացրեց «անցումային արդարադատություն» հասկացությունը՝ ինչ է այն, ինչ մեխանիզմներ ունի, երբ է առաջանում դրա անհրաժեշտությունը և ինչ ազդեցություն է ունենում։

Դասընթացի երրորդ և վերջին օրը Անցումային արդարադատությունը Հայոց ցեղասպանության համատեքստում» թեմայով դասախոսեց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ներկայացրեց «ցեղասպանություն» հասկացությունը, Հայոց ցեղասպանության պատժելիության հիմնահարցը և միջազգային քրեական արդարադատության կայացման գործընթացը՝ անդրադառնալով նաև հրեաների հոլոքոստին, մարդկության դեմ ուղղված մերօրյա ոճրագործություններին (Ռուանդայի ցեղասպանություն և այլն)։

Աղբյուրը՝ www.hra.am