Դիրքորոշում

«Եվրոպայի օրը լավ առիթ է մեր կատարած աշխատանքը ցույց տալու համար». Ա.Դանիելյան (լուսանկարներ)

26.05.2014

Եվրոպայի միության կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մայիսի 17-ին մեկնարկեցին Գյումրիում և տեղեկատվական ցուցահանդեսով ու տոնական համերգով ամփոփվեցին մայիսի 24-ին Ազատության հրապարակում։

Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին Եվրոպայի միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող 60-ից ավելի տարբեր բնույթի ծրագրեր։

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը՝ որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրով։

Կազմակերպության տաղավարի մոտ աշխուժություն էր տիրում։ ՔՀԻ–ն հանդես էր գալիս յուրօրինակ մտահղացմամբ. կազմակերպության աշխատակիցները «բերման էին ենթարկում» պատահական անցորդների և հատուկ մշակված տեստի միջոցով ստուգում, թե ոստիկանության հետ առնչության դեպքում որքանով են իրազեկված իրենց իրավունքներից։

Առաջադրված հարցերը 12-ն էին։ Լավ արդյունք ցույց տված մասնակիցները խրախուսվում էին նվերներով, իսկ լավագույն 15 մասնակիցները ՔՀԻ գրասենյակում ֆիլմի դիտման և քննարկման մասնակցության հրավեր ստացան։

«Մրցույթ–վիկտորինայի նպատակն էր ստուգել մարդկանց գիտելիքներն իրենց իրավունքների մասին։ Միևնույն ժամանակ, մրցույթն ուներ նաև ուսուցողական նպատակ։ Այսինքն՝ հարցերից բացի նաև մատչելի լեզվով բացատրություն էր տրվում իրավունքների մասին, գրքույկներ էին բաժանվում։ Վիկտորինան մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ մասնակցեցին, նույնիսկ հերթեր էին գոյանում մեր տաղավարի մոտ»,– մեզ հետ զրույցում նշեց ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանը։

Իսկ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը կարևորեց միջոցառումը և ողջունեց Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը։

«Եվրոպայի օրն արդեն ավանդական դարձած տոն է բոլորիս համար, և լավ առիթ է մեր կատարած աշխատանքը ցույց տալու համար։ Մենք նախընտրել ենք հենց այս ֆորմատով ներկայանալ, որովհետև կարծում ենք, որ խոշտանգումներից զերծ մնալու և պաշտպանված լինելու համար յուրաքանչյուր ոք պիտի իմանա իր նվազագույն իրավունքները ոստիկանությունում գտնվելու ժամանակ»,– նշեց Արման Դանիելյանը՝ հավելելով, որ վիկտորինայի արդյունքները ցույց տվեցին, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիր կա։

Հավելենք, որ Հայաստանում Եվրոպայի օրը նշվում է 2010 թվականից և այս միջոցառման նպատակն է տեղեկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ ծրագրեր է իրականացնում Եվրամիությունը Հայաստանում։

Լուսանկարները՝ www.csi.am -ի



Աղբյուրը՝ www.hra.am