Դիրքորոշում

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. հայտարարություն

26.06.2014

Յուրաքանչյուր տարի հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Արդեն ավելի քան քսան տարի է՝ Հայաստանը վավերացրել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան», որով պարտավորվում է արդյունավետ քննություն իրականացնել խոշտանգումների դեպքերի վերաբերյալ և մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Այդուհանդերձ, առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի «խոշտանգում» հոդվածի սահմանումը չի համապատասխանեցվել Կոնվենցիայի պահանջներին, որի արդյունքում խոշտանգման Կոնվենցիոն սահմանմանը համապաստասխանող արարքները որակվում են քրեական օրենսգրքի այլ հոդվածներով (օր.`պաշտոնեական լիազորությունները անցնելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և այլն), ինչը թույլ չի տալիս արտացոլել «խոշտանգում» հասկացության էությունը, ապահովել և իրացնել խոշտանգման զոհերի փոխհատուցման իրավունքը և արդյունավետ պայքար մղել այս արատավոր երևույթի դեմ:

Խոշտանգումների կիրառման դեպքերում անարդյունավետ քննությունը և անպատժելիությունը Հայաստանում տարիներ շարունակ եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: Մասնավորապես` խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ հաճախ քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ հարուցված քրեական գործերով անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն չի ապահովվում:

Այս առումով խնդրահարույց է ներկայումս առկա իրավակիրառ այն պրակտիկան, համաձայն որի` ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության դեպքերով նյութերի պատրաստումը և քննությունը իրականացվում է հենց ոստիկանության, այլ ոչ թե Հատուկ քննչական ծառայության կողմից: Նման իրավիճակը լուրջ կասկածներ է հարուցում իրականացված քննությունների անկողմնակալության և արդյունավետության վերաբերյալ:

Չնայած որ վերջին տարիներին գրանցվել է պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ ստացված բողոքների և պատրաստված նյութերի թվի նկատելի աճ, սակայն դրանց չնչին տոկոսի դեպքում է քրեական գործ հարուցվում և արդյունքում միայն մի քանիսն են հասնում դատարան:

Այսպես, համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալների՝ 2013 թվականին ՀՔԾ-ի կողմից քննվել է պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի 114 դեպք, որոնցից 85-ի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ հարուցված գործերից միայն 2-ն են ուղարկվել դատարան:

Հատկանշական է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս ՀՔԾ-ն որոշ դեպքերում բավարար հիմք է համարել իրադրության այնպիսի փոփոխումը, ինչպիսին է զբաղեցրած պաշտոնից անձին ազատելը` պատճառաբանելով, որ նա այլևս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Այսպիսի որոշումները վկայում են արդյունավետ քննության բացակայության մասին, ինչը նպաստում է իրավապահ մարմինների շրջանում անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Այս առնչությամբ հատկապես մտահոգիչ է, որ վերջին տարիներին համաներման ակտերի կիրառման հիմքով խոշտանգումների և վատ վերաբերմունքի համար դատապարտված ոստիկանության աշխատակիցները կարողանում են պարբերաբար խուսափել քրեական պատասխանատվությունից կամ պատժից:

Այսպես` 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը` դատարանը ազատ արձակեց դատապարտյալներին նիստերի դահլիճից:

Քրեաիրավական այսպիսի պրակտիկան հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ խոշտանգումների բացարձակ արգելքի սկզբունքը, արդյունավետ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պարտականությունը, ինչպես նաև տուժողի հատուցում ստանալու իրավունքը:

Ելնելով վերոշարադրյալից` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին`

  • ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգման սահմանումը համապատասխանեցնել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային և սահմանել արարքի վտանգավորությանը համարժեք պատիժ։
  • Ապահովել, որպեսզի ոստիկանության աշխատակիցների`բռնություն գործադրելու վերաբերյալ գործերով քրեական հետապնդումը չիրականացվի ոստիկանության կողմից:
  • Ապահովել անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ։
  • Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառելու մեջ մեղավոր ճանաչված պաշտոնատար անձանց նկատմամբ չկիրառվի համաներում։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյան

Աղբյուրը՝ www.hra.am