Դիրքորոշում

Խոշտանգումների և անպատժելիության դեմ համաժողով և ռոք համերգ Երևանում

27.06.2014

Հունիսի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունները համատեղ միջոցառումներով նշեցին ՄԱԿ–ի կողմից հռչակված՝ խոշտանգումների զոհերի աջակության միջազգային օրը։

Նախ կազմակերպությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ բարձրաձայնելով, որ խոշտանգումների կիրառման դեպքերում ոչ արդյունավետ քննությունը և անպատժելիությունը Հայաստանում տարիներ շարունակ եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ:

Այնուհետև ՔՀԻ և ԸԻԿ նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Անպատժելիության դեմ պայքար–2014» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բարձրաձայնել խոշտանգումների կիրառման անթույլատրելիության մասին և ներկայացնել Հայաստանում դրանց կանխարգելման հնարավորություններն ու մեխանիզմները, ինչպես նաև՝ քննարկել խոշտանգման զոհերի աջակցության հարցում պետական մարմինների և ՀԿ–ների միջև հնարավոր համագործակցությունը։

«Թեև հայտարարությունների մակարդակում վերջին տարիներին խոսվում է երևույթի դեմ պայքարի մասին, սակայն դա մնում է հայտարարությունների մակարդակում։ Այդ է վկայում վիճակագրությունը, որի համաձայն՝ խոշտանգումների վերաբերյալ բողոքները վերջին երկու տարում ավելացել են, սակայն դատարան հասած գործերի և պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների թիվը նվազել է»,– բացման խոսքում նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ խոշտանգումները հիմնականում տարածված են ոստիկանությունում և կիրառվում են խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով։ Իսկ երևույթի պատճառը ոստիկանների ցածր պրոֆեսիոնալիզմն է, հանցագործությունների բացահայտման այլ մեթոդների չտիրապետելը, բացի այդ, մեր հասարակության մեջ խոշտանգումը որպես հանցագործություն չի ընկալվում։

«Քանի դեռ կա «խոշտանգում» երևույթը, որը հանցագործության բացահայտմաբ «հեշտ» մեթոդ է, մենք չենք ունենա պրոֆեսիոնալ ոստիկան։ Մտահոգիչ է նաև, որ դատարանները անտարբեր են վերաբերվում խոշտանգումների մասին հայտարարություններին»,– կարծիք հայտնեց Ա.Դանիելյանը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց պետական մակարդակով Հայաստանում խոշտանգումների դեմ մղվող պայքարի վերաբերյալ՝ նշելով, որ հասարակությունն այդ պայքարի արդյունքը չի տեսնում. խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից, ինչը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։ «Մենք 21-րդ դարում ենք ապրում, ի վերջո։ Մենք պետք է պետականորեն հրաժարվենք այդ մեթոդից և պատժենք նրանց, ովքեր չեն հրաժարվում»,– համոզված է նա։

Կա նաև օրենսդրական բաց։ Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ մեր Քրեական օրենսգիրքը չի արտացոլում Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիան, և տարիներ շարունակ Քրեական օրենսգրքում «խոշտանգում» տերմինը չի համապատասխանեցվում կոնվենցիայի պահանջներին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարբերակում է խոշտանգման, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի 6 տարատեսակներ, և մենք պարզապես կարող ենք առաջնորդվել այդ նախադեպերով, հեծանիվ հորինել պետք չէ»,– ասում է տիկին Ալավերդյանը։

Համաժողովի կազմակերպմանն աջակցել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն իր խոսքում նշեց, որ խոշտանգումների զոհերը հաճախ իրենց դիմում են ուշ, երբ այլևս ոչինչ անել հնարավոր չէ։

«Կարևոր է հնարավորինս շուտ դիմելը, որովհետև ժամանակը հօգուտ տուժողի չի աշխատում: Լուծման տարբերակ է հարցաքննության սենյակների զինումը տեսաձայնագրման համակարգով, որի շնորհիվ բռնության դեպքերը կնվազեն։ Ոստիկանները նույնպես պետք է ապահովված լինեն ժամանակակից տեխնիկական միջոցներով»,– առաջարկեց Թումանյանցը՝ կարևորելով նաև խոշտանգումների զոհերին բարոյական վնասի փոխհատուցման և վերականգնման հարցը, որը չի ապահովվում մեր գործող օրենսդրությամբ։

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ոստիկանությունից, Ռազմական ոստիկանությունից, Դատախազությունից, Հատուկ քննչական ծառայությունից, Արդարադատության նախարարությունից, Դատական դեպարտամենտից, Փաստաբանների պալատից և այլ շահագրգիռ կառույցներից, ովքեր արտահայտեցին իրենց դիրքորոշումը խոշտանգումների վերաբերյալ, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները հանդես եկան կարճ զեկույցով՝ խոշտանգումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Համաժողովից հետո՝ երեկոյան Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Ռոքն ընդդեմ խոշտանգումների» բացօթյա համերգը, որի ընթացքում ելույթ ունենցան “E.V.A Rock Band”–ը, “Vahag Rush”–ը, “Gigabeat”–ը, Այդին Դավուդին և այլն:

Համերգից առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազանավուրի հրապարակում կազմակերպել էր խաղ–վիկտորինա. ոստիկանության բաժին բերման ենթարկվող անձանց իրավունքների վերաբերյալ 12 հարցից առնվազն 10–ին ճիշտ պատասխանող անցորդները ստացան նվեր շապիկներ համերգի կազմակերպիչ «Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ների կողմից։

Լուսանկարները՝ www.csi.am

Աղբյուրը՝ www.hra.am