Դիրքորոշում

ՀՀ պատվիրակությունն ուսումնասիրել է պրոբացիայի և այլընտրանքային պատիժների կիրառման վրաստանյան փորձը

05.07.2014

2014 թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության այցը Վրաստան, որի նպատակն էր ուսումնասիրել վրաստանյան փորձը պրոբացիոն ծառայության ներդրման և գործարկման, ինչպես նաև՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառման ոլորտում:

Այցը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) միջազգային կազմակերպության կողմից՝ ներկայումս իրականացվող «Ազատազրկման հետ չկապված պատիժների խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովրդավարության հիմնադրամի կողմից: Պատվիրակությունը կազմում ընդգրկված էին ՀՀ դատական համակարգի, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և իրավական բարեփոխումների վարչության, ինչպես նաև` Եվրոպայի խորհրդի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Վրաստանի Արդարադատության նախարարության աշխատակիցների, Պատիժների կիրառման և պրոբացիայի փոխնախարարի, պրոբացիոն ծառայության պետի և աշխատակիցների, Վերաքննիչ դատարանի դատավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պրոբացիոն գործակալության պետը ներկայացրել է Վրաստանի պրոբացիոն ծառայության ներդրման պատմությունը, անցած ուղին, խնդիրները և մշակված լուծումները, ծանոթացրել է հետագա ծրագրերին: Պատվիրակությունն այցելել է պրոբացիոն ծառայության տարածքային բյուրոներից մեկը, որտեղ հնարավորություն է ունեցել անմիջականորեն ծանոթանալ ծառայության գործունեության առանձնահատկություններին, տեխնիկական սարքավորումներին և աշխատակիցների հիմնական գործառույթներին:

Պատվիրակության անդամներն այցելել են նաև վերջերս շահագործման հանձնված ազատության սահմանափակում պատժատեսակի կրման վայր, որտեղ տեղափոխվում են այն դատապարտյալներն, ովքեր իրենց պատժի վերջին ամիսներն են կրում, դրսևորել են լավ վարքագիծ և ցանկանում են մասնակցել վերականգնողական ծրագրերին: Գտնվելով այդտեղ՝ դատապարտյալներն իրավունք ունեն շաբաթ և կիրակի օրերին գնալ տուն, իսկ շաբաթվա մյուս օրերին մասնակցում են վերականգնողական ծրագրերին, ցանկության դեպքում անցնում են վերապատրաստում, սովորում արհեստ կամ զբաղվում սպորտով:

Ինչպես հայտնի է, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ներդնել պրոբացիոն ծառայություն, որի համար մշակվում է ինչպես նոր օրենսդրություն, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Այս այցի նպատակն էր նաև աջակցել Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը` այլ երկրների պրակտիկայի օրինակների և փորձի ուսումնասիրության միջոցով:

Աղբյուրը՝ www.hra.am