Դիրքորոշում

ՔՀԻ-ն դիմել է ոստիկանապետին՝ դադարեցնելու իր լիազորությունները կարգապահական հանձնաժողովում

06.10.2014

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` դադարեցնելու համար իր լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

ՔՀԻ-ն և ևս 4 հասարակական կազմակերպություններ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի որոշմամբ ընդգրկվել էին այդ հանձնաժողովի կազմում՝ խաղաղ հավաքների ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկանների գործողությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ՔՀԻ-ն կարծում է, որ այն չի ծառայում իր նպատակներին և նպատակահարմար չի գտնում շարունակել անդամակցությունը հանձնաժողովի կազմում:

Ստորև ներկայացնում ենք ձեզ ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումն ամբողջությամբ:

«Հարգելի՛ պարոն Գասպարյան,

Կարևորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել եմ տվյալ հանձնաժողովում:

Քանի որ տևական ժամանակ ոչ մի նիստ չէր գումարվում, ես ինքս նախաձեռնությամբ հանդես եկա՝ Ձեզ ուղարկելով համապատասխան տեսանյութեր, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես էին հունիսի 23-ին, Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ, և առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով։

Գրությանս ի պատասխան ինձ նամակով տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նիստեր գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, իսկ վերը նշված դեպքի առնչությամբ ասվում էր, որ իրականացվում է ծառայողական քննություն, և եթե հայտնաբերվի կոպիտ խախտում, կգումարվի կագապահական հանձնաժողովի նիստ:

Սակայն ոչ այդ, ոչ էլ մի շարք այլ՝ հասարակության կողմից լայն քննարկումների առարկա դարձած միջադեպերով ոչ մի նիստ չի հրավիրվել, և ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել:

Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին: Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

Հարգանքով՝

Արման Դանիելյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ»:

Աղբյուրը՝ www.hra.am