Դիրքորոշում

Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգն անկանխատեսելի է դատապարտյալների համար

24.10.2014

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում հստակ չափանիշներ չունի և արդյունավետ չի գործում։ 2013թ.–ին ազատվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալների ընդամենը 5 տոկոսը։ Անկախ հանձնաժողովի մերժման որոշումները չեն հիմնավորվում և բողոքարկման ենթակա չեն։ Շահագրգիռ կողմերը չեն հերքում, որ համակարգը բարեփոխման կարիք ունի։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) հետ համագործակցությամբ, Եվրոպական միության, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) և ՄԱԿ–ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ, հոկտեմբերի 23-ին կազմակերպեց «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի համար հարթակ ստեղծել՝ քննարկելու ՀՀ–ում պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) համակարգի առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները և բացերը, ինչպես նաև, գտնել համակարգի բարեփոխման ուղիներ: Միջոցառմանը մասնակցեցին պետական կառույցների, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքում ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը նշեց, որ շատ դիմում-բողոքներ են ստանում դատապարտյալներից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ Սահմանադրական դատարանը 2008թ. որոշման մեջ նշել է, որ ՀՀ-ում բացակայում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հստակ սահմանված չափանիշներ:

«Հաշվի առնելով այդ ամենը՝ Արդարադատության նախարարությունը մշակում է պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշների ներդրման վերաբերյալ հայեցակարգի նախագիծ, որը պատրաստ լինելուն պես կդրվի շրջանառության մեջ, կուղարկվի շահագրգիռ մարմիններին»,- տեղեկացրեց Նորայր Բալայանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի համոզմամբ՝ ՊՎԱ համակարգի փոփոխություններին պատրաստ են բոլորը, որովհետև հասկանում են, որ համակարգը չի աշխատում:

«Հարցն այն է, թե ինչպիսի փոփոխություններ են պետք։ Գործող համակարգով չափանիշ է համարվում դատապարտյալի «ուղղումը», ինչը, մեր կարծիքով, չափելի և հասկանալի չէ: Միջազգային փորձն ասում է, որ վաղաժամկետ ազատելիս պետք է օգտագործել կրկնահանցագործության ռիսկի գնահատման մեթոդը, որը հստակ չափանիշներ սահմանելու դեպքում չափելի է։ Եթե կրկնահանցագործության ռիսկայնությունը ցածր է, կարելի է վաղաժամկետ ազատել»,– իր խոսքում նշեց նա։

Արման Դանիելյանի գնահատմամբ՝ գործող համակարգը ոչ միայն վաղաժամկետ չէ, այլ նաև պայմանական չէ։ Անգամ այն եզակի դեպքերում, երբ դատապարտյալն ազատվում է վաղաժամկետ, պետությունը որևէ պայման չի դնում նրա առջև։ Մյուս խնդիրն էլ այն է, որ ո՛չ պատիժը կրելու ընթացքում, և ո՛չ էլ ազատվելուց հետո պետությունը վերականգնողական ծրագրեր չի առաջարկում։

Գործող համակարգն անկանխատեսելի է դատապարտյալի համար

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց պատժի կրումից ՊՎԱ գործող համակարգում առկա խնդիրները։

ՀՀ–ում գործում է ՊՎԱ եռաստիճան համակարգ։ Օրենքով սահմանված նվազագույն պատժի ժամկետը լրանալու դեպքում, քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) վարչական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում նիստ է գումարում՝ քննարկելու դատապարտյալի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Անկախ հանձնաժողովին միջնորդագիր ներկայացնելու հարցը։

Հավանություն տալու դեպքում միջնորդագիրը քննարկվում է Անկախ հանձնաժողովի (ԱՀ) կողմից։ Ստեղծված ենթահանձնաժողովի անդամներն այցելում են ՔԿՀ, հանդիպում տվյալ դատապարտյալի հետ, ուսումնասիրում նրա գործը, որից հետո կարծիք են ներկայացնում ԱՀ–ին։

Ներկայացված կարծիքի հիման վրա ԱՀ–ն փակ քվեարկությամբ որոշում է կայացնում միջնորդագրին հավանություն տալու կամ չտալու մասին։ Հավանություն տալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ՊՎԱ գործն ուղարկում է դատարան։ Պայմանական վաղաժամկետ ազատման վերջանական որոշումը կայացնում է դատարանը, և այդ որոշումը ենթակա է բողոքարկման։

«Խնդրահարույց է այն, որ Անկախ հանձնաժողովի կողմից կայացվող մերժման որոշումները պատճառաբանված չեն, բողոքարկման ենթակա չեն ու չկան սահմանված հստակ չափանիշներ՝ թե ինչ պայմանների պետք է բավարարի դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։ Դա համակարգը դարձնում է անկանխատեսելի»,– նշեց իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը։

Ըստ նրա՝ խնդրահարույց է նաև Անկախ հանձնաժողովի կազմը, որը բաղկացած է տարբեր պետական մարմինների 6 ներկայացուցիչներից և 2 մասնագետներից, ովքեր որոշում են կայացնում իրենց գերատեսչական շահից ելնելով (Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Նախագահի աշխատակազմ, Արդարադատության և Առողջապահության նախարարություններ, Գլխավոր դատախազություն և այլն)։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՊՎԱ վերաբերյալ որոշում կայացնող հանձնաժողովները պետք է կազմված լինեն համապատասխան մասնագիտացում ունեցող անձանցից»,– հավելեց իրավաբանը։

Տաթևիկ Ղարիբյանը նաև ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, որը փաստում է, որ տարեցտարի նվազում է վարչական հանձնաժողովի կողմից անկախ հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրերի թիվը: Անկախ հանձնաժողովին ներկայացված միջնորդագրերը 2006–ին կազմել են 85 տոկոս, իսկ 2013թ.ին՝ 18 տոկոս։ Իսկ դատարանի կողմից կայացված ՊՎԱ որոշումները 2006-ին կազմել են 22 տոկոս, իսկ 2013–ին՝ 5 տոկոս։

Քննարկման ժամանակ մասնակիցները մտահոգություն հայտնեցին, որ նման իրավիճակի պատճառը նաև, այսպես կոչված, «արգելված հոդվածներն» են, որով դատապարտված անձանց վաղաժամկետ չեն ազատում (օրինակ՝ սպանության, ավազակային հարձակման, թմրամիջոցների շրջանառության, բռնաբարության և այլ հոդվածներով)։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Այլընտրաքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը ներկայացրեց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունը։ Նա ևս նկատեց, որ ՊՎԱ պրակտիկան տարբերվում է. նմանատիպ իրավիճակներում մի դեպքում դատարանը վաղաժամկետ ազատելիս վերահսկողության պայման է դնում, մյուս դեպքում՝ ոչ։

Լևոն Ավետիսյանը կարևորեց Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համալրումը սոցաշխատողների և մասնագետ հոգեբանների հաստիքներով։

Անկախ հանձնաժողովը չպետք է գործի. ՔՀԻ ՀԿ–ի առաջարկները

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» իրավաբան Աննա Մելիքյանը քննարկման համար ներկայացրեց ՊՎԱ համակարգի բարեփոխման հնարավոր մոդելներից մեկը։ Դրա համաձայն՝ Անկախ հանձնաժողով, որպես այդպիսին, չպետք է գործի։ Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները պետք է գնահատեն վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալի անցյալը և ներկան և տրամադրեն եզրակացություն (նախկինում կատարած հանցագործությունների մասին տվյալներ, վարքը պատիժը կրելու ընթացքում, ընտանիքի հետ կապը, մասնակցությունը կրթամշակութային և այլ միջոցառումներին և այլն)։

Իսկ ՔԿՀ–ից անկախ մարմինը (ապագայում ստեղծվելիք ապորբացիոն ծառայությունը կամ նմանատիպ գործառույթ իրականացնող այլ մարմին, օրինակ՝ ներկայումս գործող Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը) պետք է գնահատի ապագայի հետ կապված գործոնները, առաջարկի պայմաններ, որոնք պետք է առաջադրվեն վաղաժամկետ ազատվողին, ինչպես նաև՝ գնահատի նրա կարիքները և առաջարկի աջակցության, վերականգնողական ծրագրեր։

Այս երկու, պատճառաբանված եզրակացությունների հիման վրա կգնահատվի պայմանական վաղաժամկետ ազատվողի կողմից կրկնահանցագործության կատարման ռիսկը, որի արդյունքները կտրամադրվեն դատապարտյալին և կուղարկվեն դատախազություն։ Վաղաժամկետ ազատման ենթակա անձը, հաշվի առնելով ստացված եզրակացությունների արդյունքները, օրինակ, տասնօրյա ժամկետում պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, որ իր ՊՎԱ հարցը քննարկվի դատարանում, թե ոչ։

«Սրանքով մենք հնարավորություն ենք տալիս դատապարտյալին կատարել ընտրություն. հաշվի առնելով ստացված եզրակացությունները՝ դիմել ռիսկի և գործը ուղարկել դատարանի քննությա՞նը, թե՞ սպասել մի քիչ և աշխատել եզրակացության մեջ նշված ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև դատարանի կողմից մերժվելու դեպքում նա 6 ամիս հնարավորություն չի ունենալու ՊՎԱ ազատման հարցով դիմել դատարան»,– հավելեց Աննա Մելիքյանը։

Իրավաբանի կարծիքով՝ պետք է հստակ և իրագործելի չափանիշներ լինեն, որոնց միջոցով կիրականացվի կրկնահանցագործության ռիսկի և կարիքների գնահատում, որպեսզի դատապարտյալը ՔԿՀ–ում հայտնվելուն պես արդեն իմանա՝ ինչ պետք է անի, որպեսզի կարողանա վաղաժամկետ ազատվել։

Աշխատաժողովը շարունակվեց կառուցողական քննարկման մթնոլորտում։

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սամվել Գուրջանյանը համամիտ չէր այն մոտեցմանը, թե անկախ մարմինը, առանց դատապարտյալին ճանաչելու, կկարողանա ավելի օբյեկտիվ և անաչառ գնահատել նրան և չի կոռումպացվի։

«Ընդհակառակը,այսօր պետք է խրախուսվի հիմնարկի աշխատակցի դերը վաղաժամկետ ազատման հարցում, քանի որ հենց նա է այն անձը, ով դատապարտյալին պետք է ասի` «հարգելի՛ս, դու քեզ խելոք պահիր, ընդգրկվիր այս կամ այն աշխատանքներում, որ ես աջակցեմ քո պայմանական վաղաժամկետ ազատմանը»,– նշեց Գուրջանյանը:

ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանը պազաբանեց, որ դատապարտյալի անցյալի և ներկայի գնահատումը հենց քրեակատարողական հիմնարկն է իրականացնելու, քանի որ իրենք են լավագույս տիրապետում այդ տեղեկություններին։ Խոսքն ապագայի ռիսկերի և կարիքների գնահատման մասին է, որը հիմնարկից անկախ մարմնի գործառույթ պետք է լինի։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներկայացուցիչը կարծիք հնչեցրեց, թե լավագույն լուծումը ՊՎԱ երկաստիճան համակարգի անցումն է՝ առանց Անկախ հանձնաժողովի.

«Քրեակատարողական ծառայությանը մի՛ ազատեք դատապարտյալի ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Անկախ հանձնաժողովը հանեք, նորմալ աշխատենք, իսկ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանեք»։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը հիշեցրեց, որ նախկինում համակարգը երկաստիճան էր և դարձյալ արդյունավետ չէր գործում, քանի որ թաթախված էր կոռուպցիայի մեջ։ Նրա կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկը չի կարող ապագայի ռիսկայնության գնահատումն իրականացնել, պայմաններ առաջադրել և ՔՀԿ–ից դուրս վերահսկողություն իրականացնել, այդ պատճառով կարևոր է անկախ մարմնի ներգրավումն այս գործընթացին։ «Պայման առաջարկող և վերահսկող մարմինը նույնը պետք է լինի»,– նշեց նա։

Աշխատաժողովի ավարտին կարևորվեց ՊՎԱ համակարգի բարեփոխումը հնարավորինս սեղմ ժամկետներում՝ խնդիրների լուծումը չպայմանավորելով ապագայում ստեղծվելիք պրոբացիոն ծառայության հետ։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am