Դիրքորոշում

ՔՀԻ–ն իրականացրեց կոնֆլիկտների և ատելության խոսքի վերաբերյալ թրեյնինգ ուսանողների համար

10.11.2014

Նոյեմբերի 7-9–ը Աղվերանում կայացավ «Կոնֆլիկտների հաղթահաման կարողությունները վստահության վերականգնման համատեքստում» թեմայով թրեյնինգ ուսանողների համար։

Դասընթացի առաջին օրը ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց կոնֆլիկտների խորացման փուլերը, վստահության կորուստը և կոնֆլիկտի խորացման ընթացքում թշնամու պատկերի ձևավորումը։ Դասախոսությունը հիմնված էր կոնֆլիկտաբան Ֆրիդրիխ Գլազլի տեսության վրա, ըստ որի՝ գոյություն ունի կոնֆլիկտի խորացման ինը փուլ։

Երկրորդ օրը ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը խոսեց ատելություն սերմանող խոսքի մասին։ Ուսանողների մասնակցությամբ քննարկում ծավալվեց խոսքի ազատության, խտրականության ու ատելության խոսքի նմանությունների և տարբերությունների մասին, բերվեցին կոնկրետ օրինակներ, որոնցում հստակ կարելի է տարբերակել ատելություն սերմանող խոսքը վիրավորանքից և զրպարտությունից, արտահայտված խտրական վերաբերմունքից։ Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են ատելության խոսքին։

Դասընթացի երրորդ օրը Արտակ Կիրակոսյանը խոսեց կոնֆլիկտների տեսակների՝ տաք և սառը կոնֆլիկտների մասին։ Նա նաև անդրադարձավ այն վարքագծերին, որոնք բնութագրվում են որպես կոնֆլիկտներից խուսափող և կոնֆլիկտների ձգտող։ Օրակարգը ներառում էր նաև գործնական վարժություն. արհեստականորեն ստեղծված կոնֆլիկտային իրավիճակում մասնակիցները պետք է կարողանային կոնֆլիկտի հետագա խորացումը կանխելու ուղիներ գտնել։

Աղբյուրը՝ www.hra.am