Դիրքորոշում

«Մեզ ուրիշ բան պետք չէ, միայն ուշադրություն և գնահատանք պետության կողմից». ասում է զոհված զինվորի մայրը

24.11.2014

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտն առաջին կազմակերպությունն է եղել Հայաստանում, որ հիշել է հրադադարի պամաններում զոհված երեխաներին անուն առ անուն... Դուք չեք պատկերացնի, թե ի՜նչ ուրախություն է ծնողի համար, երբ իր որդու մասին թերթում գրվում է...»,– ասում է «Հրադադար. Մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպության նախագահ Աղունիկ Ղուկասյանը։

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մայրերի և այրիների համար «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20–ին տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Կոնֆլիկտների հաղթահարման կարողությունը վստահության վերականգնման համատեքստում» խորագրով։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ դասընթացը տեղի ունեցավ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում։

Հանդիպումը կազմակերպվել էր «Հրադադար. մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որը զբաղվում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների խնդիրներով։

«Հանդիպում–դասընթացի նպատակն էր վերհանել հրադադարի խախտման արդյունքում զոհված անձանց ընտանիքների առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև հստակեցնել և պլանավորել նոր ստեղծված կազմակերպության գործունեությունը»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Նրա խոսքերով՝ ՔՀԻ–ն աջակցում է մայրերին, որպեսզի կարողանան փոխօգնության հարթակ ստեղծել և իրենց ձայնը լսելի դարձնել։ «Միասին և՛ լացել ենք, և՛ ուրախացել ենք։ Եվ, կարող եմ ասել, որ մենք ինքներս զգում ենք փոփոխությունը. իրենք էլ են զգում, թե ինչպես է փոխվում իրենց վերաբերմունքը կատարվածի ու կյանքի նկատմամբ։ Իրենց հաջողվում է հաղթահարել մեկուսացված վիճակը, վիշտը։ Մենք ուզում ենք, որ որդի կորցրած մայրերը զգան, որ միայնակ չեն իրենց վշտի հետ, որ անտեսված չեն»,– նշում է Արտակ Կիրակոսյանը։

Հանդիպում–դասընթացի երեք օրերի ընթացքում մայրերը այցելեցին Հաղարծին վանական համալիր, որտեղ մոմավառություն կատարեցին իրենց զոհված որդիների և ամուսինների հոգիների հանգստության համար։ Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հանդիպում–ընթրիք Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ։ Միացյալ թագավորության կառավարության աջակցությամբ ՔՀԻ–ն 2012թ.–ին սկսեց իրականացնել «Հրադադար. մարդկային կորստի ցավը» ծրագիրը, որի արդյունքում մայրերի նախաձեռնությամբ այս տարի հիմնադրվեց համանուն հասարակական կազմակերպությունը։

Դասընթացի երկրորդ օրը  հանդիպման մասնակիցները քննարկեցին և հստակեցրեցին նորաստեղծ կազմակերպության նպատակները և հետագա գործողությունները: Քննարկում ծավալվեց վստահության վերականգնման կարևորության մասին՝ կոնֆլիկտների հաղթահարման համատեքստում։ Հանդիպման օրակարգը ներառում էր նաև ՔՀԻ պատրաստած «Հրադադար» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը նկարահանվել է 2013թ.–ին Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետությունում՝ մայրերի մասնակցությամբ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտն առաջին կազմակերպությունն է եղել Հայաստանում, և դա կարող է հաստատել մայրերից յուրաքանչյուրը, որ հիշել է հրադադարի պայմաններում զոհված երեխաներին անուն առ անուն, և դեռ շարունակում է ծանոթությունը նրանց հետ՝ պատրաստելով և հրապարակելով նրանց մասին հոդվածների շարք»,– ասում է «Հրադադար. մարդկային կորստի ցավը» հասարակական կազմակերպության նախագահ Աղունիկ Ղուկասյանը։

Նրա խոսքերով՝ որդեկորույս ծնողներին շատ դժվար է անգամ տանից դուրս հանելը, բայց ՔՀԻ–ին հաջողվեց ավելին. «Բոլոր մայրերը խոստովանում են, որ այս հանդիպումները շատ են օգնում իրենց և ուզում են, որ հաճախ կազմակերպվեն։ Մենք կարողացել ենք հաղթահարել մեր վիշտը, փոխօգնության մթնոլորտ է ստեղծվել։ Նախկինում բոլորը գալիս էին՝ ձեռքներին բռնած իրենց երեխաների նկարները, չէին կարողանում խոսել, պատմել իրենց որդիների մասին, անընդհատ լացում էին... Այս անգամ բոլորն ավելի բաց էին, խոսում էին, կիսվում էին, իրար խորհուրդ էին տալիս՝ ցավը ինչպես մեղմել։ Ցավը միավորում է բոլորին...»,– կարծում է տիկին Աղունիկը, ում որդին՝ ՆարեկՄարգարյանը, 2010թ.–ին զոհվելէադրբեջանական կողմիդիպուկահարի արձակած կրակոցից:

Նա պատմում է, որ ծնողներից մեկը, ում որդին զոհվել էր 2000 թվականին, առաջին անգամ էր մասնակցում նման հանդիպման։ «Երբ զանգեցի նրան ու տվեցի զոհված որդու՝ Արշակի անունը, դուք չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց նրա հետ... Ձայնը դողում էր։ Ասաց, որ որդու մահից հետո այս 14 տարիների ընթացքում մինչ օրս ոչ ոք չի զանգել, չի հիշել նրան։ Նա եկավ հանդիպմանը և մյուս մայրերի հետ կիսեց իր վիշտը։ Որդեկորույս մորից ավելի լավ ոչ ոք չի հասկանա որդի կորցրած մորը»,– հավելում է տիկին Աղունիկը։

Մայրերը որոշել են հաջորդ հանդիպումներին մասնակից դարձնել նաև հայրերին, քանի որ, նրանց խոսքերով, հայրերը նույնպես կարիք ունեն խոսելու, կիսելու իրենց հոգում կուտակված ցավը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» 2012թ.–ից սկսած պատրաստում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին պատմող հոդվածների շարք, որը հրապարակվում է «Առավոտ» օրաթերթում։

«Դուք չեք պատկերացնի, թե ի՜նչ ուրախություն է ծնողի համար, երբ իր որդու մասին թերթում հոդված է լույս տեսնում։ Մեկս մյուսին զանգում ենք, տեղեկացնում ենք, թերթը փոխանցում ենք, որ կարդան... Դա մեզ հոգու հանգստություն է տալիս»,– ասում է տիկին Աղունիկը՝ հավելելով. «Մեզ ուրիշ բան պետք չէ, միայն ուշադրություն։ Մենք դրա կարիքը զգում ենք, որ պետությունը ճանաչի, հիշի մեր զավակներին, որ իրենք գնահատվեն պետության կողմից։ Եվ ես կուզեմ, որ այլ կազմակերպություններ ևս հնարավորություն ունենան աջակցելու մեր կազմակերպությանը, սատար կանգնելու, որ շարունակենք աշխատել»։

Նորաստեղծ կազմակերպությունը որոշել է դիմել Լեռնային Ղարաբաղի նախագահին, որպեսզի Արցախում նույնպես իրենց որդիների հիշատակը հավերժացնող «փառքի սրահ» ստեղծվի։ «Երիտասարդ սերունդը Արցախյան հերոսների կողքին պետք է տեսնի և անուն առ անուն հիշի նաև այսօրվա հերոսներին, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելով։ Եթե այսօր մենք չգնահատենք նրանց գործը, վաղը ոչ ոք չի գնահատի։ Դա պատմություն է, պատմության մի մասն է»,– նշում է նա։

ՔՀԻ «Հրադադար» վավերագրական ֆիլմը

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am