Դիրքորոշում

Խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է համակարգված, միասնական ծրագիր

22.01.2015

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) Եվրոպական միության աջակցությամբ հունվարի 22-ին կազմակերպեց «Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և քննարկել դրանց արդյունավետությունը։

Ողջույնի խոսքից հետո ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը ներկայացրեց կազմակերպության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ 2013-2014 թվականներին իրականացված՝ «Խոշտանգումների և կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի արդյունքները, իրականացված գործողությունները:

«Խոշտանգումների խնդիրը բազմաշերտ է և հնարավոր չէ մեկ օրում լուծել։ Խնդրի լուծման համար, իհարկե, անհրաժեշտ է քաղաքական կամք, բայց դա բավարար չէ։ Անհրաժեշտ են համակարգված գործողություններ տարբեր ոլորտներում՝ սկսած ոստիկաններին գործերի քննման նոր մեթոդների ուսուցանումից, վերապատրաստումից և տեխնիկական վերազինումից մինչև խոշտանգումների կանխարգելման գործուն մեթոդների և խոշտանգողների համար պատժի անխուսափելիության ապահովում։ Որոշակի քայլեր վերջին տարիներին արվել են այս ուղղությամբ, մասնավորապես՝ ոստիկանապետի հայտարարությունները, ՀՔԾ–ում համապատասխան վարչության ստեղծումը, օրենսդրական նախագծեր, բայց, խոշտանգումների դեմ պայքարի համակարգված ծրագիր՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, այս պահին չկա»,– իր խոսքում նշեց Ա.Դանիելյանը։












ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է նաև, որպեսզի հասարակությունում ևս «խոշտանգում» երևույթի նկատմամբ լինի անհանդուրժողական վերաբերմունք։ Ծրագրի շրջանակներում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մոտ 30%-ը այս կամ այն կերպ պատրաստ է հանդուրժել կամ արդարացնում է խոշտանգումները։

ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում հրատարակված՝ «Խոշտանգումները Հայաստանում 2013-2014 թվականներին» զեկույցը, որը ներկայացնում է խոշտանգումների ոլորտին վերաբերող միջազգային և ներպետական իրավական ակտերը և սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կիրառման պրակտիկան, անպատժելիության մթնոլորտը՝ կապված խոշտանգումների ոչպատշաճ քրեականացման և գործերի ոչ արդյունավետ քննության հետ։ Այս ամենը համալրված է ոլորտի փորձագետների հետ իրականացրած հարցազրույցների վերլուծությամբ (դատավորներ, ՀՔԾ քննիչներ, ոստիկանության աշխատակիցներ, փաստաբաններ, ՄԻՊ և իրավապաշտպան ՀԿ–ների ներկայացուցիչներ)։

Աննա Մելիքյանի խոսքերով՝ փորձագետների հետ իրականացված հարցազրույցները ցույց են տվել, որ ՀՀ–ում խոշտանգումների պրակտիկային նպաստող մի քանի գործոն կա. «Դրանք են՝ անպատժելիության մթնոլորտը, որը նպաստում է խոշտանգումների շարունակական կիրառմանը, օրենսդրական բացերը, արդյունավետ քննության չապահովման խնդիրը, ոստիկանության հետ կապված մի շարք խնդիրներ՝ և՛ նյութատեխնիկական միջոցներով ցածր հագեցվածությունը, և՛ մասնագիտական գիտելիքների, հմտությունների պակասը: Նշվել է նաև, որ ոչ բոլոր դատավորներն են պատշաճ արձագանքում և համապատասխան ընթացք տալիս խոշտանգման մասին հայտարարություններին»։

Ըստ իրավաբանի՝ ընդհանուր խնդիր է արդարադատության ոլորտի հանդեպ անվստահությունը, ինչի պատճառով մարդիկ միշտ չէ, որ բարձրաձայնում են կամ բողոք են ներկայացնում խոշտանգման ենթարկվելու մասին։ Զեկույցում նշվում է նաև խոշտանգման զոհերին կամ տուժողներին համաչափ ու արդարացի հատուցում տրամադրելու խնդրի մասին։

ՔՀԻ–ն նաև ներկայացնում է երկու տասնյակ առաջարկություններ՝ առկա խնդիրների լուծման և խոշտանգումներ դեմ պայքարը ՀՀ–ում ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Համաժողովին ներկա էին Ոստիկանության, Դատախազության, Արդարադատության նախարարության (ԱՆ) և դատական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ՀՀ–ում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։

ՀՀ ոստիկանության և ԱՆ ներկայացուցիչները ներկայացրեցին խոշտանգումների կանխարգելման և անպատժելիության բացառման ոլորտում իրենց իրավասության սահմաններում ձեռնարկված քայլերը և գործողությունները։ Իսկ Հատուկ քննչական ծառայությունը, որը խոշտանգման գործերով քննության հիմնական պատասխանատուն է, հրաժարվել էր մասնակցել համաժողովին և զեկույցով հանդես գալ։

«Խոշտանգումները Հայաստանում 2013-2014 թվականներին» զեկույցը հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակներով։

Աղբյուրը՝ www.hra.am