Դիրքորոշում

Կասկածյալի անձնական տվյալների հրապարակման և անմեղության կանխավարկածի խախտման փաստերը պիտի քննության առնվեն

13.02.2015

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) դիմել է ԶԼՄ-ների ինքնակառավարման դիտորդ մարմնին` խնդրելով քննության առնել փետրվարի 9-ին shamshyan.com կայքում տեղադրված՝ «ՍԱՍ» սուպերմարկետից թխվածքաբլիթների գողության միջադեպի վերաբերյալ հրապարակումները։

Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ ոստիկանների կողմից ձերբակալվող տղամարդը չի ցանկանում, որ իրեն նկարահանեն և փորձում է թաքնվել տեսախցիկից։ Սակայն տեսանյությում ոչ միայն ցուցադրվում է նրա դեմքը խոշոր պլանով, այլև հպապարկվում են նրա անձնական տվյալները և կատարվածը ներկայացվում է որպես հաստատված փաստ։

Մինչդեռ, ՔՀԻ–ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանվում է անձի անմեղության կանխավարկածը, ըստ որի՝ «հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

«Երևանի մամուլի ակումբի» կողմից մշակված լրագրողական վարքականոնի համաձայն՝ մինչ դատաքննությունը հանցագործության մեջ կասկածվողների անունները հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը` հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների` արդար դատավարության իրավունքի և հասարակության` տեղեկացված լինելու իրավունքի միջև:

Կազմակերպությունը արդարացված չի համարում տեսանյութում երևացող տղամարդու անձնական բոլոր տվյալների, ընդհուպ մինչ բնակության հասցեի հրապարակումը, ինչը անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում է։ Մյուս կողմից, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը պետք է մերժի տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

Եվ վերջում ՔՀԻ–ն կոչ է անում ԶԼՄ-ների ինքնակառավարման դիտորդ մարմնին հետևողական լինել այս կայքի գործունեության նկատմամբ, քանի որ այնտեղ պարբերաբար հրապարակվում են նյութեր, որոնք խախտում են անձանց անմեղության կանխավարկածը և անձնական տվյալների գաղտնիության իրավունքը. մարդկանց կամքին հակառակ հրապարակվում են նրանց դեմքերը, նրանց տրվում են վիրավորական պիտակավորումներ, նշվում է նրանց անուն–ազգանունը, բնակության հասցեն և անձնական այլ տվյալներ։

Դիմումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Հեղինակ՝ Լարիսա Սիմոնյան




Աղբյուրը՝ www.hra.am