Դիրքորոշում

Համատեղ հռչակագիր. «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց. Հիշատակի և արդարադատության մանիֆեստ»

22.04.2015

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (Հայաստան), Մարդու իրավունքների ասոցիացիան (Թուրքիա) և Մարդու իրավունքների հիմնադրամը (Թուրքիա) 2015թ. ապրիլի 24-ին հրապարակել են Համատեղ հռչակագիր՝ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց. Հիշատակի և արդարադատության մանիֆեստ» վերտառությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Համատեղ հռչակագիր

20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման օրը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), և նրա անդամ կազմակերպությունները՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Հայաստանում, Մարդու իրավունքների ասոցիացիան և Մարդու իրավունքների հիմնադրամը Թուրքիայում, հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին.

Որպես 2010 թվականին Երևանում և 2013 թվականին Ստամբուլում կայացած FIDH–ի համագումարների փակման հռչակագրերի շարունակություն՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մեր կազմակերպություններն ընդունում են հետևյալ մանիֆեստը.

Նախաբան

Վերհիշելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթները.

Հաշվի առնելով, որ ցեղասպանության հանցագործությունն ազդում է մարդկության բուն էության վրա, իր դաժանությամբ երևակայությունից դուրս երևույթ է և խորն անարգանք է մարդկային խղճի դեմ.

Հաստատելով, որ ամենադաժան վայրագությունները շարունակում են ազդել մարդկային գիտակցության վրա, և պատճառված վնասը ժամանակի հետ ավելի լավ է գիտակցվում, որ ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները սպառնում են միջազգային հասարակական կարգին և ազդում են միջազգային ողջ հանրության վրա, որ «մոռացության մատնելու» օրենքն անընդունելի է կիրառել ազգերի հանրության և հենց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա, և որ այս հանցագործություններն ինքնին, իրենց բնույթով վաղեմության ժամկետի կիրառման ենթակա չեն.

Վերհիշելով, որ 20-րդ դարի սկզբին ցեղասպանությանը զոհ դարձան մոտ 1,5 միլիոն հայեր, որոնց թվում մի ստվար զանգված սպանդի ենթարկվեց, իսկ 1 միլիոնը մահացավ Օսմանյան կայսրության Անատոլիայից հայ ժողովրդի բռնի տեղահանման և տեղափոխության ընթացքում, և որ բազմաթիվ հայեր ենթարկվեցին ֆիզիկական և հոգեկան տառապանքների.

Հաշվի առնելով, որ զոհերի ճնշող մեծամասնության մահվան իրական հանգամանքները և նրանց աճյունների գտնվելու վայրն անհայտ է, և որ վերջիններիս ընտանիքներն ու ժառանգները չեն կարողանում սգալ նրանց շիրիմների վրա, այդ բռնությամբ անհետացումները կարելի է որակել Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 8-րդ հոդվածի հատկանիշներով՝ որպես շարունակական հանցագործություն.

Վերհիշելով, որ զոհերի և նրանց ժառանգների՝ ճշմարտության, արդարադատության և փոխհատուցման իրավունքը հիմնարար է և անհրաժեշտ է տևական խաղաղության հաստատման և հաշտեցման ցանկացած գործընթացի համար.

Վերհիշելով ատելության խոսքի և իրագործված միջազգային հանցագործությունների վերաբերյալ ժխտողական դատողությունների վտանգները, միևնույն ժամանակ, կոչ անելով հարգել խոսքի ազատությունը, ինչը կարևոր գործիք է մարդու իրավունքները հարգելու համար.

Վկայակոչելով Մարդու իրավունքների միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհերի՝ հատուցում և փոխհատուցում ստանալու իրավունքի մասին հիմնական սկզբունքերը և ուղեցույցները (բանաձևն ընդունվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2005թ. դեկտեմբերի 16-ին) և, մասնավորապես, դրա նախաբանի երկրորդ և երրորդ պարբերությունները.

Մանիֆեստ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և նրա անդամ կազմակերպությունները Հայաստանում և Թուրքիայում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Մարդու իրավունքների ասոցիացիան և Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը.

1.Հարգանքի տուրք են մատուցում մարդկության հիշողության մեջ թարմ մնացող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

2.Ողջունում են «արդարամիտների» դերը, ովքեր ցեղասպանության ժամանակ փրկեցին հայերի կյանքը։

3.Հանդիսավորությամբ կոչ են անում Թուրքիային պաշտոնապես ճանաչել իր պատասխանատվությունը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված և իրագործված հայ ազգաբնակչության ցեղասպանության հանցագործության հարցում։

4.Կոչ են անում Թուրքիային դադարեցնել իր պաշտոնական ժխտողական քաղաքականությունը և փոխհատուցել ցեղասպանությունից տուժածներին, նրանց ժառանգներին և ողջ հայ համայնքին նրանց պատճառված վնասի և կրած տառապանքների համար։

5.Պնդում են, որ ճանաչումն ինքնին, կարևոր լինելով հիշողության խնդրի տեսանկյունից, հնարավորություն կտա Հայաստանին և Թուրքիային վերականգնել միմյանց նկատմամբ վստահության հարաբերությունները և ներգրավվել երկու պետությունների հաշտեցման գործընթացում, մի գործընթաց, որում արդեն ներգրավված է երկու կողմերի քաղաքացիական հասարակությունը։

6.Կոչ են անում Թուրքիային աշխատել Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ առանց նախապայմանների, մասնավորապես, բացելով ընդհանուր սահմանը։

7.Կոչ են անում Թուրքիայի կառավարությանը հակազդելու ատելության խոսքին և հայերի պիտակավորմանը, որը ցեղասպանության ժխտման իր քաղաքականության մասն է կազմում։

8.Կարծում են, որ մարդու իրավունքների ամբողջական իրացումը, մասնավորապես իրավունքների և քաղաքական ազատությունների պաշտպանությունը, կարևոր է կարծրատիպերը կոտրելու, երկխոսությունը և կարծիքների փոխանակումը խթանելու համար, և կոչ են անում Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը բաձրաձայնել և պայքարել նրա համար, որ պատճառված տառապանքները համապատասխան արձագանքի արժանանան, և նպաստել երկու հասարակությունների միջև հարաբերությունների ստեղծմանը և զարգացմանը։

9.Կոչ են անում Թուրքիային և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել դրա դրույթներին՝ այդպիսով հստակորեն ցույց տալով իրենց պատրաստակամությունը պայքարելու միջազգային հանցագործությունների համար անպատժելիության դեմ և երաշխավորելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը և խաղաղությունը։

10.Հիշեցնում են աշխարհի բոլոր կառավարություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ինչպես նաև՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, որ հետագա հանցագործությունները կանխելու լավագույն միջոցը նախկին հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարելն է, և այդ նպատակով կոչ են անում միջազգային հանրությանն աջակցել այս մանիֆեստին, միջնորդ հանդիսանալ թուրքական և հայկական կառավարությունների միջև, որպեսզի ad hoc մեխանիզմներ կիրառվեն բավարարելու հայերի դեմ իրագործված ցեղասպանության հանցագործության մասին ճշմարտության, արդարադատության և դրա հետ կապված հատուցման անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ www.hra.am