Դիրքորոշում

PRI միջազգային կազմակերպությունն աջակցում է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներին

07.05.2015

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 6-ին ընդունել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության գործադիր տնօրեն Ալիսոն Հաննայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նույն կազմակերպության Հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն Ցիրա Չանտուրիան, ծրագրերի համակարգող Միրանդա Մերկվիլաձեն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը: Հանդիպմաը ներկա է եղել նաև ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը:

«Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հետ իրականացնում է համատեղ ծրագիր, որն ուղղված է Հայաստանում ազատազրկման հետ չկապված՝ այլընտրանքային պատիժների կիրառման խթանմանը՝ նպատակ ունենալով օժանդակել դատապարտյալների վերականգնմանը և ինտեգրացիային:

Հանդիպման ընթացքում Ալիսոն Հաննան ներկայացրել է PRI-ի հիմնական գործառույթները, արդարադատության համակարգում բարեփոխումների իրականացման նպատակներն ու թիրախային ուղղությունները: Նրա խոսքերով՝ կազմակերպությունն օժանդակում է կառավարություններին՝ ներկայացնելով պատիժների բարեփոխման ոլորտում ունեցած փորձը, նրանց տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, հետազոտական աշխատանքներ և իրականացնելով վերապատրաստումներ։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հյուրերին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից քրեական արդարադատության ոլորտում իրականացվող օրենսդրական և ենթակառուցվածքային բարեփոխումները։ «Մենք շարունակում ենք մեր բարեփոխումները քրեակատարողական հիմնարկների և դատապարտյալների կեցության պայմանների բարելավման, բանտային կառավարման, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդիականացման ուղղությամբ, ուստի մեր նպատակն է այս հանդիպումների արդյունքում նախանշել բարեփոխման առավել արդյունավետ մեխանիզմներ գտնելու և գործարկելու առաջնահերթությունները»,- նշել է Քրմոյանը:

Նա հավելել է, որ քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախարարության ուշադրության կենտրոնում են նաև պատժի ինստիտուտի և վերականգնողական կենտրոնների աշխատանքների բարելավումը, և հյուրերին առաջարկել է տրամադրել PRI–ի կողմից այդ ոլորտում իրականացված հետազոտությունները: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության և համատեղ իրականացվող ծրագերի վերաբերյալ:

Աղբյուրը՝ www.hra.am