Դիրքորոշում

Օրենսդրական բարեփոխումներից հետո ազատազրկումը դիտարկվելու է որպես բացառիկ պատժամիջոց

20.10.2015

Այլընտրանքային պատժի և խափանման միջոցների ոլորտի բարեփոխումները մասնագետները կապում են քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունում արմատական փոփոխությունների, մասնավորապես՝ ներդրվելիք պրոբացիոն ծառայության հետ։ 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) հետ համատեղ և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին կազմակերպեց «ՀՀ-ում ազատազրկման հետ չկապված պատիժների և խափանման միջոցների կիրառումը. առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը, խոսելով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկայից, նշեց, որ ոլորտում բավական վատ ցուցանիշներ ունենք. կալանավորումը Հայաստանում ամենալայն տարածում ունեցող խափանման միջոցն է, մինչդեռ այն պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում, երբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները հնարավոր չէ կիրառել։

«Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2014թ. կալանավորման միջնորդությունների 94,5%-ը բավարարվել է դատարանների կողմից։ Մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունների 81%-ը։ 2013թ. համեմատ նույնիսկ մերժումների թիվն ավելացել է։ Սրա հետևանքով մենք ունենք գերբնակեցում քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորվածների խցերում նախատեսվածից գրեթե կրկնակի անգամ ավելի մարդ է պահվում»,– ասաց Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ կալանավորման միջնորդությունների գերակշիռ մասն անհիմն է. միայն դեկլարատիվ կերպով նշվում է, որ մեղարյալը կարող է փախչել կամ խոչընդոտել քննությանը, և դատարանը բավարարում է այն։

Արման Դանիելյանը մտահոգիչ է համարում նաև ազատազրկման հետ չկապված պատիժների ոլորտը։ «Մեր կարծիքով բավական քիչ են այլընտրանքային պատժատեսակները»,– ասում է նա՝ հույս հայտնելով, որ երկար սպասված պրոբացիոն ծառայության ներդրումը կօգնի այս խնդիրների լուծմանը։

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը համամիտ չէ, որ Հայաստանում կալանավորումը համատարած է կիրառվում։ Թեև նա դժվարանում է վիճակագրություն ներկայացնել, սակայն նշում է, որ լինում են թե՛ կալանավորման մերժումներ, և թե՛ կալանքը գրավով փոխարինելու որոշումներ, իսկ կալանքի որոշումները բեկանող դատական ակտերի քիչ քանակը, ըստ դատավորի, ցույց է տալիս, որ կալանավորման որոշումները հիմնավորված են լինում։

Նրա կարծիքով՝ վիճակագրությունը պետք է վերլուծել այլ սկզբունքով, որպեսզի պատկերը հստակ լինի։ «Նախաննության մարմինը, առանց դատարան դիմելու, կիրառում է կալանքի հետ չկապված խափանման միջոցներ, օրինակ՝ երաշխավորություն, ստորագրություն չհեռանալու մասին։ Իսկ եթե առկա են բավարար հիմքեր, որ անձը կարող է փախչել, խոչընդոտել քննությանը, այլ հանցագորություն կատարել, նոր դիմում են դատարան կալանավորման համար։ Դրա համար պետք է դիտարկել, թե քանի հանցագործության դեպքում է խափանման միջոց ընտրվել, դրանցից քանիսն է այլընտրանքային, քանիսը՝ կալանավորում և կալանավորման միջնորդություններից քանիսն է բավարարվել»։

Մնացական Մարտիրոսյանը կարծում է, որ նոր Քրեական դատավարության օրենսգրքում պետք է ավելացվեն նոր խափանման միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը, և խափանման միջոցի նշանակման վերաբերյալ դատական նիստերը պետք է անցկացվեն դռնբաց՝ պահպանելով նախաքննական գաղտնիքը։ «Այնպիսի նյութական հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են, օրինակ, հափշտակությունը, մաքսանենգությունը, որտեղ կա նաև տուժողին կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման խնդիր, ավելի արդյունավետ կլինեն այլընտրանքային խափանման միջոցները, որովհետև այս դեպքում ավելի շատ է վնասը վերականգնելու հավանականությունը, քան կալանքի տակ գտնվելով»,– կարծում է դատավորը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունում արմատական փոփոխություններ են նախատեսվում։ Փոխվելու է այս ոլորտի գաղափարախոսությունը։ «Ազատազրկումը դիտարկվելու է որպես բացառիկ պատժամիջոց, և բոլոր այն դեպքերում, երբ դատարանը կորոշի, որ անձը կարող է պատիժը կրել ոչ ազատազրկման վայրում, կկիրառվի այլընտրանքային պատժատեսակ»,– հավաստիացնում է փոխնախարարը:

Նրա խոսքերով՝ միջազգային փորձագետների աջակցութամբ արմատական փոփոխությունների է ենթարկվել քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը։ Մշակվում են միաժամանակ մի քանի կարևոր օրենքներ՝ Քրեական օրենսգիրք, Քրեական դատավարության օրենսգիրք, Քրեակատարողական օրենսգիրք և Պրոբացիոն ծառայության մասին օրենք։

Շուտով շահագրգիռ կողմերի հետ կքննարկվի Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագիծը, որից հետո այն կդրվի շրջանառության մեջ: Իսկ մինչ օրենքի ընդունումը, 2015թ. հունիսից Երևանում և Վանաձորում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա փորձնականորեն գործարկվում է պրոբացիոն ծառայությունը, որպեսզի գործնականում ծագած խնդիրները հաշվի առնվեն և ամրագրվեն նոր օրենքում։

Քրմոյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում 50 էլեկտրոնային սարք կբերվի Հայաստան, որոնք կօգտագործվեն պրոբացիոն ծառայության կողմից ազատազրկման հետ չկապված պատիժ կրող անձանց գտնվելու վայրի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am