Դիրքորոշում

ՔՀԻ-ն կիրականացնի հանրաքվեի գործընթացի մոնիթրինգ՝ ընտրախախտումների կանխարգելման նպատակով

05.11.2015

Ս.թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) իրականացնում է դիտորդների հավաքագրում և վերապատրաստում, որի նպատակն է դիտորդության միջոցով նպաստել ընտրախախտումների կանխարգելմանը և արդար ու թափանցիկ ընտրական գործընթացին:

Դիտորդական առաքելությունը կիրականացվի Երևանի 1-ին ընտրատարածքում՝ Ավան և Նոր-Նորք համայնքների 35 ընտրատեղամասերում, դիտորդների, իրավախորհրդատուների և լրագրողների միջոցով: 

Նախաձեռնության շրջանակներում գործում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որի միջոցով կազմակերպության իրավաբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն ընտրությունների գործընթացում առաջացած իրավախախտումների և իրավական բնույթի այլ հարցերի վերաբերյալ:

Հանրաքվեի օրը ՔՀԻ դիտորդների կողմից արձանագրված խախտումները և խնդիրները առցանց ռեժիմով անմիջապես կհրապարակվեն կազմակերպության Մարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում և կտարածվեն սոցիալական ցանցերում:

ՔՀԻ կողմից իրականացվող դիտորդական առաքելությամբ հետաքրքրված անձինք դիմելու մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://hra.am/hy/announcements/2015/10/30/observation կամ զանգահարելով 010 57-43-17, 098-804-800 հեռախոսահամարներով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է:

Հավելենք, որ ՔՀԻ-ն 2007 թվականից մասնագիտացած է ընտրությունների մոնիտորինգի և ընտրական իրավունքի պաշտպանության ոլորտում: Կազմակերպությունը դիտորդական առաքելությամբ մասնակցել է 2007 և 2012 թվականների խորհրդարանական, 2008 և 2013 թվականների նախագահական, 2009 և 2013 թվականների Երևան քաղաքի ավագանու ընտրություններին՝ նպատակ ունենալով հասարակության իրազեկվածության բարձրացման և իրավական աջակցության տրամադրման միջոցով նպաստել ժողովրդավար ընտրությունների կայացմանը ՀՀ-ում:

Աղբյուրը՝ www.hra.am