Դիրքորոշում

ՔԿՀ-ները պետք է կատարեն ոչ միայն մեկուսացնող, այլև՝ վերականգնող գործառույթ

28.11.2015

Այսօր ՔԿՀ-ներում գործնականում չի իրականացվում ռիսկերի և կարքիների գնահատում, որի հիման վրա հենց պետք է կատարվի պատժի կրման անհատական պլանավորում և մշակվի վերականգնողական ծրագիր։ Արդյունքում ազատազրկման՝ որպես պատժատեսակի արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր և այն չի նպաստում պատժի նպատակների իրագործմանը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, Երևանում Բրիտանիայի դեսպանատան և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) աջակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպեց «ՔԿՀ-ներում պատիժ կրող դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղան քննարկում: Միջոցառմանը մասնակցեցին շահագրգիռ պետական մարմինների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ-ում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը և գործող մեխանիզմի անարդյունավետությունը Հայաստանի քրեաիրավական համակարգի ամենախնդրահարույց ոլորտներից են։ Կլոր սեղանի նպատակն էր քննարկել համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները և բացերը, ինչպես նաև ազատազրկված անձանց պատժից ազատվելուն աստիճանաար նախապատրաստելու և վերասոցիալականացնելու անհրաժեշտությունը՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նրանց առաջարկելով համապատսխան վերականգնողական ծրարգեր, ի տարբերություն ներկայումս գործող համակարգի, երբ պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը կայացվում է, կարելի է ասել, տեղում։

ՔՀԻ տնօրեն Արման Դանիելյանն ընդգծեց, որ Հայաստանում գործող համակարգը շարունակում է մնալ պատժողական և այն գրեթե չի պարունակում վերականգնողական արդարադատության տարրեր։ Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) վարչակազմն, ազատազրկման ձևով պատիժ կատարելիս, շեշտը դնում են միայն ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում ռեժիմի, փախուստի կանխման և կարգապահության պահպահման ապահովման վրա։ Միևնույն ժամանակ, գրեթե բացակայում է դատապարտյալի հետ տարվող աշխատանքը, չեն բացահայտվում և գնահատվում նրանց ռիսկերը և քրեածին կարիքները, հետևաբար, գործնականում նրանց չի առաջարկվում պատժի կրման անհատական պլան և վերականգնողական ծրագրեր։ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) ներկայացուցիչ՝ Բագրատ Ղազինյանը ներկայացրեց նախարարության կողմից ձեռնարկված՝ քրեական արդարադատության, այդ թվում՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումները և դրանց ընթացքը։

ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանը ներկայացրեց ՀՀ-ում գործող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների՝ պատիժը կրելու ընթացքում մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխումը կարգավորող իրավական համակարգը և պրակտիկան։ Խոսելով ՊՎԱ համակարգում առկա բացերի և խնդիրների մասին՝ նա ընդգծեց դատապարտյալի՝ ՊՎԱ ազատման դեպքում օբյեկտիվ գնահատման բացակայության հանգամանքը և որոշում կայացնելու մեխանիզմի թերությունները։ Իրավաբանը վկայակոչեց պաշտոնական վիճակագրության տվյալները, համաձայն որոնց՝ տարվա ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալներից ազատվում են միայն 4%-ը։

«Մնացած դատապարտյալները մերժվում են, քանի որ, ենթադրաբար, նրանք դեռևս բավարար չափով ուղղված չեն։ Սակայն, միևնույն ժամանակ, նրանց չի առաջարկվում որևէ վերականգնողական ծրագիր, որը պետք է նպաստի նրանց ուղղմանը։ Բացի այդ, բացակայում է դատապարտյաների՝ ուղղված լինելու աստիճանի օբյեկտիվ գնահատման մեխանիզմ»,- նշում է Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ այսօր ՔԿՀ-ներում գործնականում չի իրականացվում ռիսկերի և կարքիների գնահատում, որի հիման վրա հենց պետք է կատարվի պատժի կրման անհատական պլանավորումը և բացահայտված ռիսկերի և կարիքների հիման վրա մշակվի վերականգնողական ծրագիր։ Արդյունքում ազատազրկման՝ որպես պատժատեսակի արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր և այն չի նպաստում պատժի նպատակների իրագործմանը։

Միջոցառման շրջանակներում բրիտանացի փորձագետ Ֆիլիփ Թեյլորը ներկայացրեց Մեծ Բրիտանիայում գործող համակարգը և դատապարտյալների հետ տարվող՝ պատժի կրումից ազատվելուն ուղղված նախապատրաստական աշխատանքը: Նա նշեց, որ ազատազրկման վայրի վարչակազմը, կատարելով ազատազրկման ձևով պատիժը, ունի հիմնական երկու նպատակ, այն է՝ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնանկարգի կատարման պահպանումը, ՔԿՀ-ում գործող ռեժիմի պահպանումը, ինչպես նաև՝ հանրության անվտանգությունը։ Այս երկրորդ նպատակն իրագործելիս ՔԿՀ վարչակազմը պետք է գործուն ջանքեր գործադրի՝ դատապարտյալների ուղղման, կրկնահանցագործության կանխարգելման և ազատված դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու համար։ Այս առումով կարևոր է, որ որոշում կայացնողներն ունենան համապատասխան գնահատման գործիքներ, և այդ գնահաատումը կատարվի ողջամիտ պարբերականությամբ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև այս ոլորտում այլ երկրների լավագույն փորձը։ Նյութի ներկայացումից հետո տեղի ունեցավ համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և կարծիքների փոխանակում։

Աղբյուրը՝ www.hra.am