Դիրքորոշում

ՔՀԻ-ն պահանջում է քրեական գործ հարուցել ուրիշի փոխարեն քվեարկելու փաստի առթիվ

25.12.2015

Ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը Ավան վարչական շրջանի 1/05 տեղամասում արձանագրել է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք, մասնավորապես ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն ստորագրված է եղել ընտրացուցակում: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, ընտրողը չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից:
Խախտման մասին հաղորդումը հրապարակվել է www.hra.am կայքում, որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվել և կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բողոքարկել է որոշումը, քանի որ կարծում է, որ ավագ քննիչ Լևոն Քաջազնունու կողմից բազմակողմանի ստուգում չի իրականացվել և գնահատական չի տրվել ստացված բոլոր տեղեկություններին: ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված բողոքը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն Կոստանյան,

Ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) իրականացրել է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքի ընտրատեղամասերում: Օրվա ընթացքում ՔՀԻ դիտորդները, հանդիսանալով ՔՀԻ ներկայացուցիչներ, արձանագրել են միջադեպեր և ընտրական գործընթացի տարաբնույթ խախտումներ, որոնց մասին տեղեկատվությունն անմիջապես հրապարակվել է ՔՀԻ-ին պատկանող Մարդու իրավունքները Հայաստանում www.hra.am կայքում: Գրեթե բոլոր հրապարակված նյութերով ՀՀ քննչական կոմիտեն ու Ոստիկանությունը նյութեր են նախապատրաստել:

Մասնավորապես, www.hra.am կայքում 18:30-ն հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ նյութ՝ «1/05, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն ստորագրված է եղել ընտրացուցակում: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, ընտրողը չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից»:

Բացի այդ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են տեսանյութեր, որոնց հղում է դրվել www.hra.am կայքում:

Նշված նյութի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Քաջազնունու կողմից նյութեր են նախապատրաստվել, բացատրություն է վերցվել 1/05 ընտրատեղամասում ներկա գտնված ՔՀԻ-ի դիտորդ Էթերի Այվազյանից: Վերջինս, ի լրումն գրավոր բացատրությանը, բանավոր տեղեկացրել է քննիչին դեպքի մասին վկայող երկու տեսանյութի առկայության մասին, ցույց է տվել երկուսն էլ և պարզաբանել նշված տեսանյութերում պատկերված իրավիճակը: Մասնավորապես, Է.Այվազյանը նշել է, որ սույն գրությանը կից ուղարկվող տեսաձայներիզում առկա տեսանյութ 1-ում է պատկերված այն քաղաքացին, ով զրկվեց քվեարկելու հնարավորությունից, քանի որ նրա անվան դիմաց արդեն իսկ լրացված են եղել այլ քաղաքացու տվյալներ: Քվեարկության եկած քաղաքացու բողոքին ի պատասխան, հանձնաժողովը նրան հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նրա փոխարեն քվեարկել է քույրը, և որևէ քայլ չի ձեռնարկվել իրավիճակը պարզելու, շտկելու և արձանագրելու ուղղությամբ: Արդյունքում քաղաքացին հեռացել է առանց քվեարկելու:

Ս.թ. դեկտեմբերի 14-ին ավագ քննիչ Քաջազնունին Է.Այվազյանին գրավոր տեղեկացրել է, որ hra.am քայրքում հրապարակված հոդվածի հիման վրա նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված գրությունը Է.Այվազյանը ստացել է դեկտեմբերի 16-ին:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հետ և՛ Է.Այվազյանը, և՛ ՔՀԻ-ն համաձայն չեն: Մասնավորապես, դիտորդը պնդում է, որ տեսանյութ 1-ում պատկերված միջադեպը «լոկ ենթադրություն չէ», և այդ տեսանյութում պատկերված քաղաքացին իրականում զրկվել էր ընտրելու հնարավորությունից: 53 վայրկյան տևողությամբ տեսանյութից ակնհայտ երևում է, որ երիտասարդ կինը, անձը հաստատող փաստաթուղթը ձեռքերում է պահում, սակայն նրա տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Բացի այդ, լսվում է ՔՀԻ դիտորդի ձայնը, ով ասում է, որ «այդ քաղաքացու անվան դիմաց արդեն իսկ լրացված են եղել տվյալները և առկա էր ստորագրություն»: Նշված քաղաքացին, ի պատասխան իրեն ուղղված հարցին, թե արդյոք իր անունը բացակայում է ցուցակում, բարձր պատասխանում է. «Կա, ոնց չկա, լրացրած է արդեն» (տե՛ս 21-րդ վայրկյանը): Այնուհետև քաղաքացին հեռանում է ընտրատեղամասից՝ ասելով. «Իրանց ընտրությունը թող իրանց լինի: Չեմ ընտրելու: Ավելի լավ չի: Եթե դուք արդեն կարողացել եք լրացնել, որ ընտրություն լինի»: Ավելին, հանձնաժողովի նախագահը նրան հարցնում է. «Կարող ա՞ տատիկդ ա քվեարկել», իսկ քաղաքացին պատասխանում է. «Ցավոք, տատիկ չունեմ, ոչ մի բարեկամ չունեմ»:

Ավելացնեմ նաև, որ քննիչի կողմից ուսումնասիրվել և գնահատական է տրվել միայն մեկ տեսանյութին, չնայած, որ ՔՀԻ դիտորդը նրան մատնացույց է արել երկու տեսանյութ և հանգամանալից պատմել կատարվածը: Դրա մասին է վկայում նաև քննիչի որոշման մեջ նշումը առ այն, որ դիտորդը բացատրել է իրավիճակը և որ քննիչի կողմից ներկայացվող տեսանյութը (տեսանյութ 2), որում փնտրում են Մարինե Մելքումյանի տվյալները, բուն խախտումն արձանագրած տեսանյութ 1-ի շարունակությունն է:

Մեկ անգամ ևս նշեմ, որ երկու տեսանյութն էլ հրապարակված են եղել ՔՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որին առկա է հղում hra.am կայքից: Կայացված որոշումից ընդհանրապես չի երևում, թե արդյոք քննիչը որևէ քայլ ձեռնարկե՞լ է տեսանյութ 1-ում պատկերված միջադեպի ստուգման ուղղությամբ, ընդհակառակը՝ քննիչը սահմանափակվել է միայն բուն միջադեպից հետո նկարահանված 2-րդ տեսանյութի վերլուծությամբ և ստուգմամբ, թեև տեղեկացված է եղել դրան նախորդող դեպքի մասին: Նշեմ, որ տեսանյութ 2-ում առկա դեպքը հանդիսանում է Տեսանյութ 1-ի շարունակությունը, իսկ Տեսանյութ 1-ում պատկերված և քվեարկելու հնարավորությունից զրկված քաղաքացու անունը Մարինե Մելքումյան չէ: Մարինե Մելքումյանը Տեսանյութ 2-ում է պատկերված:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանգում ենք այն եզրակացության, որ ավագ քննիչ Քաջազնունի կողմից բազմակողմանի ստուգում չի իրականացվել և գնահատական չի տրվել ստացված բոլոր տեղեկություններին:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վրա, խնդրում եմ՝

-վերացնել ավագ քննիչ Լ. Քաջազնունու կողմից կայացված որոշումը, և վերը շարադրված դեպքով քրեական գործ հարուցել,

-կրկին ուսումնասիրել ներկայացվող տեսանյութը, օրենքով սահմանված կարգով օբյեկտիվ գնահատական տալ և իրականացնել քննություն,

-կայացված որոշման պատճենն ուղարկել հաղորդում ներկայացրած անձին՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին»:

Հավելյալ նյութեր

ՔՀԻ դիտորդի նկարահանած տեսանյութերը՝ տեսանյութ 1 և տեսանյութ 2:

Աղբյուրը՝ www.hra.am