Հատուկ քննչական ծառայությանը 4 ամիս է հարկավոր հարցումներ ուղարկելու համար

Հատուկ քննչական ծառայությունը 2011թ. սեպտեմբերի 8-ին վերսկսել է Լևոն Գուլյանի մահվան գործի վարույթը։
Գործի ընդհանուր նկարագրություն
2007թ. մայիսի 9-ին Լևոն Գուլյանը դարձել էր Ստեփան Վարդանյանի սպանության ականատես։ Սպանությունը տեղի էր ունեցել ծեծկռտուքի ժամանակ Լևոն Գուլյանի ռեստորանի առջև: Որպես սպանության ականատես՝ Լևոն Գուլյանը և նրա երկու աշխատողները' Հայկ Մելքումյանը և Մարինե Գրիգորյանը, հրավիրվել էին ոստիկանության Շենգավիթի բաժին: Այնտեղ Գուլյանը գրավոր ցուցմունքներ է տվել, սակայն պահվել է ոստիկանության բաժնում մինչև մայիսի 10-ի ուշ երեկո: Դրանից հետո նրան երկու անգամ թույլ են տվել տուն գնալ, սակայն պահանջել են, որ նա վերադառնա։ Երկու դեպքում էլ Լևոն Գուլյանը ենթարկվել է պահանջին: Երկրորդ անգամ տեղական ոստիկանության բաժին վերադառնալուց հետո Լևոն Գուլյանը տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության շենք' ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի կարգադրության հիման վրա:
Մայիսի 12-ին ժամը 17.00-ի սահմաններում Լևոն Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության ծառայողները պնդել են, որ Գուլյանը ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել' թռնելով երկրորդ հարկից: Հաշվի առնելով այն փաստը, որ Գուլյանի հարազատները կապտուկներ էին տեսել իր մարմնի վրա, երբ նա տուն էր վերադարձել, և այն, որ Հայկ Մելքումյանը դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժնում' Լևոն Գուլյանի ընտանիքը կասկածում է, որ մինչև լուսամուտից ընկնելը նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել Ոստիկանության ծառայողների կողմից:
Փաստաբանները, որոնք ներկա են գտնվել դիակի դատաբժշկական փորձաքննությանը, հրաժարվել են մանրամասներ ներկայացնելուց, սակայն նրանք հայտնել են, որ մարմնի վրա բռնության հետքեր են եղել:
2007թ.-ից ի վեր իրականացվում է նախաքննություն, որի ընթացքում գործը մի քանի անգամ կարճվել է նախաքննություն իրականացնող մարմնի կողմից և վերաբացվել է դատարանների որոշումներով:
Վերջին անգամ' 2010թ.-ի օգոստոսին, ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց, որ գործը պետք է վերադարձվի դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար, սակայն 2011թ.-ի մարտ ամսին գործը կրկին կարճվեց:
02.05.2011 տուժողի իրավահաջորդներ Ա. Կարախանյանն ու Հ. Ղուկասյանը բողոքարկել են գործը կարճելու մասին որոշումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։
Մայիսի 13-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց տուժողի իրավահաջորդների բողոքի քննությունը։ Ավագ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանում մեկնաբանեց, որ «ոստիկաններից որևէ մեկի արարքում հանցակազմ չեն գտել», հետևաբար՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել է գործը։
Մայիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Խանդանյանը վճռեց բավարարել Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը և պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայութանը վերսկսել գործի քննությունը:
Այս վճիռը դատախազությունը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ 2011թ. հունիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի մայիսի 25-ի վճիռը։
Հատուկ քննչական ծառայությունը 2011թ. սեպտեմբերի 8-ին վերսկսել է Լևոն Գուլյանի մահվան գործի վարույթը։
Այս գործին բազմիցս անդրադարձել են միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունները իրենց զեկույցներում։ Վերջին անգամ՝ 2011թ. մայիսի 12-ին, Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ՝ FIDH-ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։






Հայաստանի Հանրապետություն
Երևան 0025, Այգեստան 11 փողոց, շ․43
Հեռ.՝ (+37410) 574317
Ֆաքս՝ (+37410) 559634
Էլ.փոստ՝ hra@csi.am, csi@csi.am
Կայք՝ www.hra.am, www.csi.am



