Զինծառայող Կոծինյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

2011թ. դեկտեմբերին գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և վարույթ ընդունվել (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան): Դեկտեմբերի 26-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, նիստի նոր օր դեռևս նշանակված չէ:
Գործի նկարագրություն
2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Գևորգ Անդրանիկի Կոծինյանը (բանակ է զորակոչվել 2010թ. մայիսի 12-ին, Վանաձորի զինկոմիսարիատի կողմից):
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահվան պատճառը սրտի ռեֆլեկտոր կանգն է, որը կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է:
Ըստ պաշտոնական վարկածի՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ սերժանտ Մարգար Դավթյանը, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը վեճի են բռնվել Կոծինյանի հետ զորանոցում ծխելու, իրենց հետ խոսելիս բարբառ օգտագործելու և ինչ-որ շարժումներ անելու պատճառով: Նրանք զորանոցի մոտ ծեծի են ենթարկել Կոծինյանին' դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
2011թ. փետրվարի 8-ին փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Շարքային Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը' նրանց միջև ստորադասային հարաբերության բացակայության դեպքում) և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6, 9, 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը):
Սերժանտ Մարգար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-րդ հոդվածով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6, 9, 14-րդ կետերով, ինչպես նաև՝ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանազանցություն):
Իշխանազանցության (ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մաս) մեղադրանք է առաջադրվել նաև Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ քանի որ նա, հանդիսանալով հրամանատար, ժամանակին չի կանխել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող երեք զինծառայողների և մյուսների կողմից ոգելից խմիչք օգտագործելը, որի հետևանքով Կոծինյանը մահացել է:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Տուժողի իրավահաջորդն է Գևորգ Կոծինյանի քեռին՝ Բորիս Ադամյանը: Գործը դատարան է ուղարկվել 2011թ. հունիսի 16-ին։
2011թ. նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Ստեփանակերտ, նախագահող դատավոր՝ Լեռնիկ Աթանյան) հրապարակել է վճիռը, որով 4 ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել նրանց առաջադրված հոդվածներով:
Դատարանի վճռով՝ կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարի, իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է 2011թ. մայիսին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված համաներման 1-ին կետի 1-ին ենթակետը և նա ազատվել է պատժի կրումից:
2011թ. դեկտեմբերին գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և վարույթ ընդունվել (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան): Դեկտեմբերի 26-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է:
Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ բողոքով պահանջում է ճանաչել Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը և որպես բարոյական վնասի փոխհատուցում պետությունից բռնագաձել 5 միլիոն դրամ, իսկ ամբաստանյալներից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագաձել 1,5 միլիոն դրամ՝ որպես հուղարկավորության, և 450 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: