Ավելի քան 12 տարիների ընթացքում նույնիսկ «խոշտանգում» եզրույթը չի համապատասխանեցվել ՄԱԿ–ի կոնվենցիային

Գործի նկարագրություն
Արտակ Նազարյանը 2010թ. հուլիսի 27-ին ծառայության վայրում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, իսկ հարազատների պնդմամբ՝ սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:
Արտակ Նազարյանը ՀՀ զինված ուժերում պայմանագրային ծառայության է անցել 2009թ. դեկտեմբերից: Ծնողները վերջին անգամ իրենց տղային տեսել են 2010թ. հուլիսի սկզբին, երբ գնացել էին Արծվաբերդ՝ Արտակի վարձակալած բնակարան: Հուլիսի 11-ին մայրն է վերադարձել Արծվաբերդից, հուլիսի 17-ին՝ հայրը։ Արտակ Նազարյանը ծնողների հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է հուլիսի 24-ին, որից հետո նրա հեռախոսն անջատված է եղել։
ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել «ինքնասպանության դրդում» որակմամբ: 2011թ. սեպտեմբերին սկսվել է դատական գործընթացը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում՝ Սամվել Մարդանյանի նախագահությամբ:
Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:
Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ում ներկայացնում են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում. իրեղեն ապացույց պարկուճի ոչնչացում և փորձագետին կեղծ պարկուճի ներկայացում, նախաքննական մարմնի կողմից ինքնաձիգի վրայից մատնահետքերի ոչնչացում, դատաբժշկական կենտրոնի կողմից ուղարկված փաստաթուղթ լուսանկարներից երեքի ոչնչացում և այլն:
Քրեական գործի հատոր 5-ում՝ ծառայողական քննության նյութերում, կա փաստաթուղթ, որ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ՝ խրամատում, բայց թե ինչպես դիակը խրամատից հայտնվեց բարձունքում՝ անհայտ է: Նազարյանները կասկածներ ունեն նաև դեպքի ստույգ օրվա վերաբերյալ. Արտակի մարմինն ահավոր քայքայված վիճակում է եղել, բացի այդ վերջերս գործով վկան դատարանում պնդել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ոչ թե 27-ին։
Քննչական գործողություններում բազմաթիվ են թերացումները։ Գործով առաջին քննիչը՝ Սարգիս Մադաթյանը, տեղազննություն է կատարել հուլիսի 28-ին՝ դեպքի պաշտոնապես ընդունված օրվանից մեկ օր անց, և տեղում լուսանկարել է դիակը, այն դեպքում, երբ այդ օրը մարմինն արդեն Երևանում՝ դատաբժշկական կենտրոնում էր:
Գործով երկրորդ քննիչ Պետրոսյանը դեպքից ամիսներ անց կազմել է արձանագրություն, թե ինքը դեպքի վայրում ժայռաբեկորի վրա հայտանաբերել է արնանման հետքեր։ Քննիչը նմուշ չի վերցրել՝ պարզելու արդյո՞ք դա արյուն է, եթե՝ այո, ապա՝ մարդո՞ւ, թե՞ կենդանու արյուն է, եթե մարդու է, ապա՝ ո՞ր խմբի արյուն է ու արդյո՞ք պատկանում է հանգուցյալին:
Դատաբժշկական փորձաքննությամբ՝ 54 վնասվածք կա Նազարյանի մարմնի տարբեր մասերում: Քննչական ոչ մի գործողություն չի կատարվել պարզելու համար, թե մահից անմիջապես առաջ և 6 ժամ առաջ առաջացած վնասվածքներն ինչպե՞ս, ո՞ւմ ֆիզիկական ներգործությամբ են առաջացել: Քննություն է կատարվել միայն մահից 2 և ավելի օրեր առաջ եղած կոնֆլիկտների շուրջ:
Առեղծվածային հանգամանքներում է հայտնաբերվել Արտակ Նազարյանի «ինքնասպանության» մասին երկտողը։ Արտակի տան զննությունից երկու և դեպքից 12 օր հետո Նազարյանի գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը քննչական մարմնին է հանձնել Արտակի ծոցատետրը, որի միջից պատռված ու ոչնչացված են եղել օրագրային գրառումները, իսկ փոխարենը դրված է եղել ինքնասպանության գրություն։ Տուժող կողմի պնդմամբ՝ գրության ձեռագիրը տարբերվում է Արտակի ձեռագրից և գրությունում արված է այնպիսի ուղղագրական սխալ, որ Արտակը երբեք չի արել: Ըստ Գաբրիելյանի, այդ ծոցատետրը դեպքի վայրում Նազարյանի գրպանից հանել է գործով ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը և մեկ այլ սպայի հանձնելով՝ խնդրել է պահել այն: Այդ մասին նույն օրն իմանալով՝ Գաբրիելյանը միայն 12 օր հետո է հիշել, որ այն պետք է հանձնել քննիչներին: Այս ամենը նույնպես կասկածի տեղիք է տալիս ծոցատետրի գտվելու վայրի, այն հայտնաբերելու և մինչ քննիչներին փոխանցելը ծոծատետրի հետ կատարվածի վերաբերյալ։
Փաստաբանները չեն հասկանում նաև, թե ինչո՞վ է ինքնասպան եղել Նազարյանը, եթե նրա ստացած 120 փամփուշտները տեղում են եղել:
Մինչ օրս տուժողի իրավահաջորդը չունի որևէ նկար՝ Արտակի դիակի կամ դեպքի վայրից։ Տեղազննության և դատաբժշկական փորձաքննության բոլոր լուսանկարները տրամադրելու տուժողի միջնորդությունները քննչական մարմինը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիք են պարունակում: Տուժող կողմին մերժել են տրամադրել գործին կցված գունավոր լուսանկարների կրկնօրինակները, իսկ գործի լուսապատճենում դրանք երևում են սև ու սպիտակ և լղոզված, այսինքն՝ հետազոտման համար պիտանի չեն։
Տուժող կողմին գրեթե բոլոր նյութերի տրամադրումն ու ծանոթացումը նույնպես մերժվել է նախաքննության ընթացքում՝ նախաքննական գաղտնիքին հղում անելով։ Տրամադրվել են միայն փորձաքննություններ կատարելու որոշումներն և դրանց եզրակացությունները:
Նախաքննական նյութեր չստանալու հետևանքով տուժող կողմը զրկված է մնացել նախաքննությանը մասնակցությունից: Նյութերը մերժելիս նախաքննական մարմինը հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթին և 201-րդ հոդվածի 1-ին մասին։ Նյութեր ձեռք բերելու մասով տուժող կողմի բողոքը անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյաններով և մերժվել։
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը վերոնշյալ հոդվածների Սահանադրությանը չհամապատասխանելու հարցը քննելու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)։ 2012թ. հունվարի 24-ին ՍԴ քննեց դիմումը և մերժեց այն՝ համարելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթն և 201-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը։
2011թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել 7 դատական նիստ, 3-ը՝ հետաձգվել է։
Տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա դատերը 2011թ. նոյեմբերի 16-ից անցկացվել են Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նույն դատավորի նախագահությամբ, սակայն հունվարի 18-ին դատավոր Սամվել Մարդանյանը փոխել է իր որոշումը՝ հայտնելով, որ դատերը կանցկացվեն Տավուշի մարզի Իջևան քաղաքում: