Բանակային միջադեպերի քրոնիկոն

Բանակում մարդու իրավունքների խախտումները հիմնականում վերաբերում են ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատների կողմից օրենքի խախտումով զորակոչ իրականացնելուն, ռազմաբժշկական հաձնաժողովների կողմից զորակոչվողի առողջության վերաբերյալ սխալ եզրակացություն կազմելուն, զինծառայողների նկատմամբ անմիջական հրամանատարների և ծառայողների կողմից բռնություն կիրառելուն, ծառայության ընթացքում առաջացած առողջական խնդիրներ ունեցող ժամկետային զինծառայողներին ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելուն և այլն[1]։
2010թ.-ին բանակում տեղի է ունեցել զինծառայողների մահացության 42 դեպք: Մահվան դեպքերի կեսը տեղի է ունենում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով[2]: Պաշտպանության նախարարությունը հրապարակային հայտարարություններով անդրադարձել է 42 դեպքերից միայն 10-ին:
Բանակում մահվան դեպքերի առիթով պատշաճ և անկախ հետաքննության բացակայությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Շատ հաճախ մահվան դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն' առանց համապատասխան քննություն անցկացնելու: Արձանագրվում են խոշտանգումների և բռնությունների դեպքեր։
Բանակում կարգապահական տույժերի նշանակումն ու կատարումը իրականացվում են մարդու իրավունքների խախտումներով։ Այսպես օրինակ մեկուսացումը որպես կարգապահական տույժ նշանակվում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի խախտումով, որը սահմանում է անձին ազատությունից զրկելու կարգը և հիմքերը և չի նախատեսում որևէ բացառություն կամ այնպիսի թույլատրելի հիմք, ինչպիսին է մեկուսացում կարգապահական տույժի կիրառմամբ ազատությունից զրկելը[3]։
Կարգապահական տույժի կարգով մեկուսացված շարքային կազմի զինծառայողները պահվում են կողպեքով փակված խցերում, քնում են տախտակամածների վրա առանց անկողնային պարագանների, բարձի, վերմակի՝ իրենց համազգեստը հագին, թույլատրվում է հանել միայն կոշիկները։
Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին պահելու պայմանները պատճառում են լրացուցիչ ֆիզիկական զրկանքներ և արժանապատվության նվաստացում և կարող են համարվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի խախտում[4]։
2007 թվականի օգոստոսի 30-ին Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում մահացել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը, նախնական պաշտոնական վարկածով՝ հոսանքահարվել է: Ըստ Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ Սուրեն Օհանջանյանի, քրեական գործի փաստերը խեղաթյուրվել են, իրեղեն ապացույցները՝ կեղծվել։ Քրեական գործը գտնվում է բողոքարկման փուլում։
Վայքի զորամասերից մեկում 2001 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ արձակուրդից զորամաս վերադառնալուց երկու օր հետո, գանգուղեղային հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանը։ Ըստ դատաբժշկական եզրակացության Ա.Ավետիսյանի գլխին եղել է արյունահավաք և սալջարդ, որոնք «պատճառված են կենդանության օրոք՝ բութ, կոշտ սահմանափակ մակերես ունեցող գործիքի կամ առարկայի անմիջական ներգործության հետևանքով»։ 2009թ.-ի փետրվարի 10-ին գործը կասեցվել է։ Ներկայումս գործը գտնվում է բողոքարկման փուլում։
2010թ. Սեպտեմբերին YouTube ինտերնետային ցանցով տարածվել էր մի տեսագրություն, որտեղ զինվորական համազգեստով մի տղամարդ նվաստացնում էր ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորի: Պաշտպանության նախարարության առաջին արձագանքը նյութը պատրաստողներին ու տարածողներին դատապարտելն էր, դեպքի առնչությամբ լիարժեք քննություն կատարելու փոխարեն[5]։ Հետագայում բացահայտվեց այդ անձի ինքնությունը, քրեական գործ հարուցվեց և սպա Սասուն Գալստյանը դատարապարտվեց 3 տարվա ազատազրկման։
[1] «2010թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» էջ 131
[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 30
[3] «ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատութոյւնից զրկված անձանց պահման պայմանները», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի հաշվետվություն, 2010թ.
[4] Ibid, էջ 42, 2010թ.
[5] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» էջ 30, 2010թ.