Սաշա Դավթյան

Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

Գործի ընդհանուր նկարագրություն

2008թ. սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող անչափահաս աղջկան բռնաբարելու փաստի կապակցությամբ։ 2009թ. փետրվարի 6-ին գործը կասեցվել էր՝ հանցագործի անձը պարզված չլինելու հիմքով։  2009թ. մայիսին դատական այս գործի քննությունը վերսկսվեց այլ քննիչի կողմից։ Սաշա Դավթյանը՝ աղջկա հայրը, մեղադրվում էր իր դուստր Շ.Դ.-ին բռնաբարելու և իր երկու դուստրերին՝ Շ.Դ-ին և Թ.Դ-ին խոշտանգելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138.2 (3) 119.2 (1) և 119.2 (3) հոդվածներով, որոնք նախատեսում են 4-10 եւ 3-7 տարի ազատազրկում համապատասխանաբար։ 

2009թ. օգոստոսին Շ.Դ.-ն և Թ.Դ.-ն հրաժարվեցին իրենց ցուցմունքներից և բողոք ներկայացրեցին Գլխավոր Դատախազություն։ Շ.Դ.-ն, ում 18 տարին լրացել է 2009թ. ապրիլին, դատական նիստերից մեկի ժամանակ հայտնեց, թե ինչպես են այդ ցուցմունքները նրանից կորզել։ Նա հաղորդեց, որ իրեն և իր քրոջը՝ Թ.Դ.-ին Կենտրոն ոստիկանություն են տարել 2009թ.-ի մայիսի 7-ին և չորս օր շարունակ ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվվաստացնող վերաբերմունքի, ստիպել են ցուցմունքներ տալ, որ Սաշա Դավթյանն իսկապես խոշտանգել է և բռնաբարել է Շ.Դ.-ին։ Ֆիզիկական բռնությունների արդյունքում կորզված ցուցմունքերը դրվել են մեղադրանքի հիմքում։

Սաշա Դավթյանին նույնպես պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահը՝ Սուեր Բելասենը, ով 2010թ. փետրվարի 5-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) նախագահ Արման Դանիելյանի հետ այցելել է քրեակատարողական հիմնարկ Սաշա Դավթյանի հետ հանդիպելու, արձանագրեց, որ վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, և 8 ատամները կոտրվել են ծեծի արդյունքում։  Նրանք նաև հանդիպել են «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և բժշկի հետ, ով ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ հաստատելով, որ քրեակատարողական հիմնարկ ընդունելիս պրն. Դավթյանը շատ վատ առողջական վիճակ է ունեցել։

2009թ. դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Սաշա Դավթյանին՝ իր դստերը բռնաբարելու մեղադրանքի մասով։ Չնայած նա և իր դուստրերը ակնհայտորեն ենթարկվել էին ֆիզիկական ճնշումներին, նրան մեղավոր են ճանաչել իր դուստրերին խոշտանգելու համար և 4 տարվա ազատազրկման են դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի  119 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հիման վրա։ 

14.01.2010թ.-ին  Սաշա Դավթյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան։ Փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանում սկսվեց և ավարտվեց Արագածոտնի մարզի Սաշա Դավթյանի բողոքի քննությունը, որով վերջինս խնդրել էր մասնակիորեն բեկանել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը ՀՀ քր.օրի 119 հոդվածը (խոշտանգում) և մեղմ պատիժ սահմանել։ Դատարանը 3 տարվա ազատազրկման փոխարինեց Սաշա Դավթյանի պատիժը և կիրառելով ՀՀ ԱԺ-ի համաներում հայտարարելու մասին որոշումը' ազատ արձակեց նրան։

2010թ. մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման, որը վերադարձվել է:

2010թ. Մարտի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն հանդես են եկել հայտարարությամբ, որում ողջունել են Սաշա Դավթյանի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ քննություն անցկացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։

Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

 

  • Հունիսի 26. խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր (վիդեո)

    26.06.2011
    Հայաստանում չկա վիճակագրություն, թե տարեկան քանի մարդ է խոշտանգվում: Խոշտանգման դեպքերի մասին տուժողները հաճախ չեն բարձրաձայնում: Բռնություն կիրառողները հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում, իսկ տուժողները վախենում են, որ բարձրաձայնելը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել։

  • Սաշա Դավթյան

    30.04.2011
    Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել:

  • Վճռաբեկ բողոք Սաշա Դավթյանի գործով

    27.04.2010
    Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝պահանջելով բեկանել Սաշա Դավթյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ․ փետրվարի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, որով Սաշա Դավթյանի նկատմամբ պատիժ էր նշանակվել 4 տարի ազատազրկումը։

  • Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ–ն ողջունում են Սաշա Դավթյանի ազատ արձակումը 2010 թ. փետրվարի 26–ին և կոչ են անում քննություն իրականացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ

    10.03.2010
    Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն ողջունում են Սաշա Դավթյանի ազատ արձակումը և կոչ են անում անհապաղ քննություն անցկացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ 2010թ. փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանը 1 տարով նվազեցրեց նրա ազատազրկման ժամկետը՝ թողնելով 3 տարի։ Սաշա Դավթյանի նկատմամբ կիրառվեց 2009թ. հունիսի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշումը և նրան անմիջապես ազատ արձակեցին։

  • Սաշա Դավթյանն ազատ արձակվեց

    26.02.2010
    Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը, որով վերջինս խնդրել էր մասնակիորեն բեկանել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը ՀՀ քր.օրի 119 հոդվածը (խոշտանգում) և մեղմ պատիժ սահմանել։ Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքը, և Սաշա Դավթյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

  • Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Սաշա Դավթյանի գործով դատավարությունը

    26.02.2010
    Փետրվարի 26-ին ժամը 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի գործով դատավարությունը։ Նա կալանքի տակ է գտնվում 2009թ. մայիսի 8-ից և մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու ու նրանցից մեկին անօգնական վիճակն օգտագործելու ու բռնաբարելու համար։

  • «Արդյունավետ արդարադատություն»

    25.02.2010
    48- ամյա Սաշա Դավթյանը 4 օր խոշտանգումների է ենթարկվել Կենտրոնի ոստիկանությունում։ 9 ամիս է անցել, սակայն նա մեկառմեկ հիշում է բոլոր այն ոստիկաններին, ովքեր խոշտանգել ու ստորացրել են իրեն։ Փոքրամարմին ու նիհարակազմ Սաշա Դավթյանին ծեծին մասնակցել են մոտ 10 ոստիկաններ։

  • Արդարացրեց անպատիվ մեղադրանքից

    17.12.2009
    Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ հայաստանյան արդարադատության համակարգի համար սենսացիոն է։ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը արդարացման դատավճիռ կայացրեց Սաշա Դավթյանին առաջադրված մեղադրանքներից մեկով՝ անչափահաս դստերը բռնաբարելու մեղադրանքով

  • Դատախազությունն ընդդեմ տուժողի

    16.12.2009
    Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական կարգով ընթացող՝ անչափահաս աղջկան բռնաբարելու եւ խոշտանգելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դեկտեմբերի 14-ին մեղադրանքի և պաշտպանական կողմերը հանդես են եկել Ճառերով։ Մեղադրող կողմը՝ հիմնավորված է համարել անչափահաս դստերը բռնաբարելու և խոշտանգելու համար մեղադրվող հոր մեղքը և 7 տարվա ազատազրկում պահանջել դատարանից

  • 18 ամյա աղջկան խոշտանգել են Կենտրոն ոստիկանությունում

    23.10.2009
    «Ոչ քնել եմ, ոչ հաց են տվել, ոչ ջուր, զուգարան էլ չէին թողնում գնամ։ Ամբողջ 3 օր Վարդանյանը գնում՝ գալիս էր, ոնց որ հարբած լինեի, ուժահատված.., 3–րդ օրը չեմ էլ զգացել, թե գրիչը ոնց եմ բռնել, ինչ եմ գրել, ուժահատված, հազիվ մի կերպ, ինչ ասում էր, գրում էի, չեմ էլ կարդացել։ Իրանց ուզածին հասան, որովհետև շատ էի վախենում, ուժահատվել էի..., Իրանցից շատ էի վախենում, որ ինձ մի վնաս չտաին, ահավոր վախենում էի, գայլերի ոհմակի նման թափվել էին գլխիս...»։

  • Հաջորդ