Բնապահպանական շարժման ակտիվիստին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:
ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։
Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։
Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։
Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։
Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։
2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:
Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:
2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:
Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։ Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։
Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն է այս պահին»։
Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:
[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70
[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3
[3] http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/
[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72