Մարտի 1-ի գործ

Գործի նկարագրությունը

2008թ.-ի մարտի 1-2 գիշերը զոհված քաղաքացիների գործով մինչ օրս ոչ ոք պաշտոնապես չի մեղադրվել և դատապարտվել:

2008 թ. Մարտի 1-2-ին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի չափազանց կիրառման հետևանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ընդդիմության միջև, որոնք հանգեցրին զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների։ Տաս մարդ զոհվեց (2 ոստիկան եւ 8 քաղաքացի) և երկու հարյուր մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան բախումների արդյունքում։

Հայտարարվեց արտակարգ իրավիճակ 20 օրով։ Բոլոր հավաքները արգելվեցին, մամուլը անցավ պետության խիստ վերահսկողության տակ և կասեցվեց որոշ կայքերի աշխատանքը։ 2008 թ-ի մարտի 2 -ին քրեական գործեր հարուցվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգություններ զուգորդված սպանություններով), որը հետագայում փոխարինվեց 104 հոդվածով (սպանություն)։

Ավելի քան հարյուր ընդդիմադիրներ կալանավորվել և դատարանի առաջ են կանգնեցվել մարտի մեկի դեպքերից հետո։ Նրանց հիմնական մասը մեղադրվել է կեղծ մեղադրանքների հիման վրա և դատապարտվել քաղաքականացված դատավարությունների արդյունքում։1

Մարտի 1-ի գործերով դատավարությունները սկսեցին 2008 թ-ի մարտի վերջին։ Դատավարությունների ժամանակ ներկայացված մեղադրանքները հիմնված էին ՀՀ Քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ) և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների վրա ։2 2010թ-ի մարտի 8-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի Հայաստանում Դատավարությունների դիտարկում (Ապրիլ 2008- Հուլիս 2009) ծրագրի Վերջնական զեկույցում մատնանշված են մի շարք թերություններ արդարադատության համակարգում, մասնավորապես ազատության իրավունքի, հրապարակային դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի, կողմերի հավասարության, մրցակցային դատավարության պահպանության, ինչպես նաև ոստիկանական ցուցմունքների վրա չափից ավելի հիմնվելու վերաբերյալ։

Զեկույցում նաև ներկայացվել են ցուցմունք տալու, հարկադրանքից ազատ լինելու իրավունքի և անօրինական միջոցներով ստացված ապացույցի չօգտագործման, ինքնուրույն կամ պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի, արագացված դատաքննության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատավորների անկողմնակալության և մասնագիտական վարքագծի վերաբերյալ խնդիրները։3

2008թ-ի մարտի մեկի գործերով արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ որպես մեղադրանքի հիմք օգտագործվել են անօրինական ճանապարհով՝ խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցներ։ Դատաքննությունների ընթացքում մի շարք վկաներ հայտնել են դատարանին, որ իրենց ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, քանզի դրանք կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո: Սույն հայտարարությունների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, որոնք, սակայն, հետո կարճվել են  նախատեսված հանցադեպերի բացակայության հիմքով: Գործ է հարուցվել նաև մեկ վկայի դեմ կեղծ ցուցմունք տալու կապակցությամբ:

Իսկ ոստիկանության 4 աշխատակիցները, ովքեր 2009թ. դեկտեմբերին դատապարտվել էին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ) 2 եւ 3 տարի ազատազրկմամբ, ազատվեցին դատական նիստերի դահլիճից՝ 2009թ.-ի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն: Ավելին, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատիժը՝ մեկ տարի ժամկետով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց՝ բավարարելով ոստիկանների վերաքննիչ բողոքը: 

Ներկա դրությամբ 2008թ.-ի մարտի մեկի իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտվածները ազատ են արձակվել 2009թ.-ի հունիսի 19 -ին և 2011թ-ի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաներման որոշումների հիման վրա։

2008թ.-ի մարտի 10-ի զոհերից 9-ի գործով նախնական նամակներ են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան զոհերի իրավահաջորդների կողմից։

Երբ նախնական նամակներն արդեն ուղարկված էին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2011թ.-ի ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը։

2011թ-ի մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց մի հայտարություն, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի առիթով նոր ապացույցներ եւ փաստեր ի հայտ բերելու, ինչպես նաեւ նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով այսուհետ հանդիպումներ կանցկացվեն զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր ամիս:

1 «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամ, համատեղ փաստաթուղթ, Փարիզ - Երևան, մարտ 2010 թ.

2 Արդար դատաքննության իրավունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Նախնական եզրակացություններ 2008թ. մարտի գործերով դատավարությունների դիտորդության և օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա, FIDH և ՔՀԻ, 2009 հունիս, http://www.fidh.org/IMG/pdf/Adm_Justice_25_June_revised_FP.pdf, էջ 2

3 Դատավարությունների Դիտարկման ծրագիր (Ապրիլ 2008- Հուլիս 2009), ԵԱՀԿ/ԺՄԻԳ, 2010 մարտ 

  • Եթե ուզենային, հենց հաջորդ օրը կբացահայտեին մարտի 1–ը

    26.05.2011 | Նորություններ
    Մարտի 1-ի գործով վերջին շրջանում զգացվող ակտիվությունը Միքայել Դանիելյանը նույնպես պայմանավորում է «արտասահմանի փողով» և միջազգային կառույցներին դուր գալու ձգտումով: Մարտի 1-ը եթե ուզենային բացահայտել, կբացահայտեին մարտի 2-ին»,- համոզված է նա:

  • Մարտի մեկի գործով նոր տեսաձայնագրություն է հետազոտվում

    26.05.2011 | Տեսանկյուն
    Մարտի 1-ի գործով քննչական խումբը նոր է հետազոտում համացանցով տարածված այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրավապահների շարքերից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում:

  • Համաներման առաջարկ

    20.05.2011 | Նորություններ
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

  • Եվրոպական դատարանը ստացել է վերջնական գանգատը

    18.05.2011 | Նորություններ
    «Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս արագ կծանուցվի։ Միջնորդություն է ներկայացվել առաջնայնություն տալու վերաբերյալ, կծանուցվի ՀՀ կառավարությանը և կսկսի վարույթը»,- www.hra.am-ին ասաց Արտակ Զեյնալյանը:

  • Մարտի 1-ի գործ

    17.05.2011 | Գործ №
    2008թ.-ի մարտի 1-2 գիշերը զոհված քաղաքացիների գործով մինչ օրս ոչ ոք պաշտոնապես չի մեղադրվել և դատապարտվել:

  • Մարտի 1–ի գործ. դատախազության դռները բաց են լրագրողների համար

    16.05.2011 | Նորություններ
    ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը' բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ: Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա սույն թվականի մայիսի 25-ին:

  • Թոմաս Համարբերգ. լրացուցիչ ջանքեր են հարկավոր հասարակության վստահությունը վերականգնելու համար

    09.05.2011 | Տեսանկյուն
    Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց' հիմնված իր հունվարյան այցի վրա: Նա անդրադարձել է 2008 թ.-ի մարտյան դեպքերին, արտահայտվելու և հավաքների ազատությանը, ինչպես նաև' բանակում մարդու իրավունքներին:

  • Քաղբանտարկյալն ազատ արձակվեց

    02.05.2011 | Նորություններ
    Դատարանը որոշում է կայացրել քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին:

  • Նախորդ
  • Հաջորդ