Խոշտանգումներ

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը միացել է Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային 1993 թվականին։ Մասնակից պետությունները պարտավոր են Խոշտանգումների դեմ կոմիտեին զեկուցել Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

Խոշտանգում եզրույթով հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածում տրված խոշտանգման եզրույթին։  ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգումը դասվում է՝ միջին ծանրության հանցագործությունների շարքին, հանցակազմի առկայության համար հատուկ սուբյեկ չի պահանջվում, այսինքն պաշտոնատար անձի կամ վերջինիս թողտվությամբ ուժեղ ցավի կամ մարմնական, բարոյական տառապանքի պատճառում, ինչպես նաև բացակայում է կոնկրետ նպատակը՝ այն է տուժողից կամ երրորդ անձից տեղեկատվություն կամ ինքնախոստովանության ստանալու, որոշակի գործողության կատարման համար վախեցնելու կամ պատժելու և այլն[1]։ 

Կոնվենցիայի 1-ին հոդվածում տրված խոշտանգման հատկանիշները արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածում «Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը»։

ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեականացրել է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ ցանկալի եզրակացություն տալուն հարկադրելու դեպքերը՝ դուրս թողնելով ընդհանրապես պետական պաշտոնատար անձի կողմից կամ նրա հովանավորությամբ որոշակի նպատակով Կոնվենցիայի իմաստով խոշտանգման կիրառման բազմաթիվ այլ ոլորտներ՝ խոշտանգում հանրահավաքների ժամանակ /օրինակ ոստիկան-ցուցարար/ քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում և այլն[2]։

Խոշտանգումների մասին դեպքերը հաճախ չեն բացահայտվում, քանի որ տուժողները հազվադեպ են բարձրացնում նրանց դեմ բռնությունների կիրառման հարցը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել։  Մեծ հասարակական հնչեղություն ստացավ Լևոն Գուլյանի 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած մահվան դեպքը ՀՀ Ոստիկանության շենքում։ Գուլյանը կանչվել էր ոստիկանություն որպես վկա:

Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2011 թ. մարտի 21-ի որոշմամբ՝ առանց որևէ քննություն անցկացնելու երրորդ անգամ կարճեց Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված  քրեական գործը՝ չկատարելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թ. օգոստոսի 27-ի որոշումը։

Մեծ հնչեղություն էր ստացել Սաշա Դավթյանի գործը, ում խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

2010 թվականի ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը մահացել է ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնում։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 309-3 հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտվեց Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը։

Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորես Հայրապետյանը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին։ Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը'  գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից:

Իրավապաշտպաններն ու մահացածի հարազատները պնդում են, որ Խալաֆյանն իրականում սպանվել է: Ներկայումս գործը գտնվում է բողոքարկման փուլում է։

Ստեփան Հովակիմյանը, ով մեղադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված  գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավորին հայտնել է, որ 2010թ.-ի հունվարի 14-ին և փետրվարի 6-ին նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, որի արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-նն հայտարարություն էր արել այս գործի կապակցությամբ՝ կոչ անելով իրականացնել խոշտանգումների վերաբերյալ քննություն և մեղադրական հիմքում չդնել անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները։


[1] «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառումը դատարանների կողմից» վերլուծություն, ՄԱԿ, 2008թ.

[2] «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառումը դատարանների կողմից» վերլուծություն, ՄԱԿ, 2008թ., էջ 12

  • Ավելի քան 12 տարիների ընթացքում նույնիսկ «խոշտանգում» եզրույթը չի համապատասխանեցվել ՄԱԿ–ի կոնվենցիային

    21.05.2012 | Հարցազրույց
    Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի հետ, ով ներկա է գտնվել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստին։

  • Լևոն Գուլյանի մահվանից 5 տարի անց. քննությունն արդյունք չի տվել

    14.05.2012 | Նորություններ
    ՔՀԻ–ն դատապարտում է քննությունն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության։

  • ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում

    10.05.2012 | Նորություններ
    Մայիսի 10–ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն ուսումնասիրում է խոշտանգումների հետ կապված իրավիճակը Հայաստանում: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի վերահսկող մարմնին, որում հատկապես ընդգծել են պետության կողմից թույլ տված երեք բացթողումները' խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի առնչությամբ:

  • ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն այսօր քննարկում է Հայաստանի զեկույցը

    10.05.2012 | Նորություններ
    2012թ.մայիսի 7-ից հունիսի 1-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստը, որտեղ դիտարկվելու է նաև Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը։ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվել է 7 այլընտրանքային զեկույց, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից։ Այսօր՝մայիսի 10-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի զեկույցի քննարկումը։

  • Նոր փաստաբանը հանդես եկավ նոր փաստարկներով

    08.05.2012 | Նորություններ
    Մոսկվա կինոթատրոնի գողության գործով դատավարությունն այսօր շարունակվեց. մեղադրյալ Վահրամ Քերոբյանի նոր փաստաբանը դատական նիստը սկսեց նոր փաստարկներով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին Քերոբյանին անհապաղ ազատ արձակել, քանի որ Քերոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը վերացել է դեռ 2010թ. հունիս ամսից:

  • Նիստը հետաձգվեց փաստաբանից հրաժարվելու պատճառով

    12.04.2012 | Նորություններ
    Ապրիլի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Մխիթար Պապոյան) հետաձգվեց Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը:

  • ՄԻԵԴ–ն ընդունել է Գուլյանի գործով նախնական բողոքը

    30.03.2012 | Տեսանկյուն
    2007թ. ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի գործի վարույթն արդեն չորրորդ անգամ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չի կատարում Վճռաբեկ դատարանի վճիռը, այն է՝ վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները։ Փետրվարի վերջին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն այս գործով նախնական բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ից ստացել են հաստատում և 2 ամիս ժամանակ՝ հիմնական բողոքն ուղարկելու համար:

  • Դատարանն անփոփոխ թողեց կալանքի մասին որոշումը

    28.03.2012 | Տեսանկյուն
    Դատավոր Մխիթար Պապոյանը երկրորդ անգամ մերժեց փաստաբանների՝ Ստեփան Հովակիմյանին ու Վահրամ Քերոբյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ նշելով, որ իրենք ծանր հանցագործության մեջ են մեղադրվում: Դատավորը հաշվի չառավ, որ այն հիմքերը, որով տղաները կալանավորվել են 2 տարի առաջ, այսօր չեն գործում և որոշումը չհիմնավորեց ՀՀ քրեական դատավարության 135 հոդվածով նախատեսված դեպքերով։

  • ՄԻՊ. բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին

    28.03.2012 | Նորություններ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2011թ. իր զեկույցում անդրադառնալով ոստիկանության գործունեությանը` նշել է, որ որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաև՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

  • Մեկ քրեական գործ՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ «փնջով»

    26.03.2012 | Տեսանկյուն
    Մարտի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պահանջելով Ստեփան Հովակիմյանի ու Վահրամ Քերոբյանի խափանման միջոց կալանքը փոխել և Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն: «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփանն ու Վահրամն ավելի քան 2 տարի է կալանքի տակ են: Չկա նրանց մեղքն ապացուցող որևէ փաստ: Միակ հիմքը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես նա է պնդում, գրել է ծեծի և խոշտանգման հետևանքով:

  • Հաջորդ